Իրանական կայք. Թուրքիան և Ադրբեջանը իրանցի ազարիների շրջանում անջատողականություն են հրահր
Թուրքիան և Ադրբեջանը իրանցի ազարիների շրջանում անջատողականություն են հրահրում:
Այդ մասին նշված է իրանական «թաբնաք.իռ» կայքում թողարկված հոդվածում:
Համաձայն տեղեկատվության՝ Ադրբեջանի՝ իրանցի թյուրքախոս ազարիների շրջանում անջատողական քարոզչություն իրականացնող արբանյակային «գյունազ.թիվի» հեռուստաընկերությունը շուտով կհեռարձակվի նաև թուրքերեն լեզվով:
Իրանական աղբյուրը նշում է, վերոնշյալ հեռուստաընկերության ներդրողներից մեկը՝ Ահմադ Օբալը, «Թըդեյ զաման» պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ 2006թ. հավանաբար Իրանի ճնշման արդյունքում արգելվել էր «գյունազ.թիվի»-ի թուրքերեն լեզվով հեռարձակումը, սակայն առաջիկայում այն կրկին կվերսկսի հեռարձակումը:
Նշենք, որ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ օրերս Թուրքիայի պետական «TRT» հեռուստաալիքը նախ Իրանի թյուրքալեզու բնակչություն ունեցող նահանգներն անվանել էր «Հարավային Ադրբեջան», իսկ այնուհետև հավելել, թե Իրանում ապրող 30 միլիոն ազարիները ճնշումների են ենթարկվում: Բացի այդ, հակաիրանական անջատողական ուղղվածություն ունեցող «Ազարիների ազգային խորհուրդ» և «Հարավային Ադրբեջանի ազգային ազատագրական ճակատ» կազմակերպությունները վերջերս Անկարայում «Հարավային Ադրբեջանի դերը թյուրքական աշխարհում» թեմայով կոնֆերանս էին կազմակերպել, որին ներկա են եղել Թուրքիայի ինչպես նախկին, այնպես էլ ներկա պետական պաշտոնյաներ: Ավելին, Էրդողանի ենթակայությամբ գործող հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող «Գայլերի լեռնահովիտը» բազմասերիանոց ֆիլմի հակաիսրայելական և հակաամերիկյան ուղղվածություն ունեցող սցենարը վերջերս փոխվել է հակաիրանականի:
Նախորդող տեղեկատվություն՝
Թուրքիան պետական մակարդակով աջակցում է Իրանի անջատողական ուժերին