Կարեն Շահնազարովը հնարավոր է մի օր ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանի
«Ուժեղ ազդեցության տակ եմ: Մեծ պատիվ էր ինձ համար Հայաստանի նախագահից ստանալ նման պարգև»,- նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տպավորություններով կիսվեց կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, «Մոսֆիլմ» կինոստուդիայի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը: Նա Հայաստանում է իր` «Սպիտակ վագր» ֆիլմի հայաստանյան պրեմիերային մասնակցելու համար:
Երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կինոռեժիսոր, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովին: Հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի, կինոարվեստի բնագավառում երկարամյա և բեղմնավոր գործունեության համար, Հանրապետության նախագահը կինոռեժիսոր Կարեն Գեորգիի Շահնազարովին պարգևատրել է Պատվո շքանշանով:
«Ինձ համար հետաքրքիր ու կարևոր հանդիպում էր»,- այսպիսի գնահատական տվեց Կ. Շահնազարովը նախագահի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ Ս. Սարգսյանի հետ խոսել են Ղարաբաղի մասին, քանի որ իր արմատներով ղարաբաղցի է, կինոյի ոլորտում հայ-ռուսական համագործակցության մասին:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե չե՞ք պատրաստվում ղարաբաղյան պատերազմի մասին ֆիլմ նկարահանեք, Կ. Շահնազարովը պատասխանեց, որ իրեն հետաքրքրում է Ղարաբաղի պատմությունը, հնարավորության դեպքում ուսումնասիրում է այն: «Նման գաղափարներ ժամանակ առ ժամանակ ծագում են, բայց չեմ կարող ասել, որ կոնկրետացել են դրանք: Միգուցե մի օր նման ֆիլմ նկարահանեմ: Տեսնեմ»:
Պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ֆիլմ նկարահանելու հնարավորության մասին հարցին, կինոռեժիսորն ասաց, որ նման ծրագրեր չունի, թեման թեև շատ հետաքրքիր է, բայց նաև շատ պատասխանատու:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում