Խ.Հակոբյան. «Քաղցկեղը չունի բուժում, բուժման միակ եղանակը կանխարգելումն է»
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Խաչանուշ Հակոբյանի գնահատմամբ` Հայաստանում աճել են քաղցկեղով հիվանդացության դեպքերը: Հիվանդների աճը պայմանավորված է նրանով, որ մարդիկ սկսել են ավելի ուշադիր լինել իրենց առողջության նկատմամբ, ժամանակին հետազոտվել և վաղ փուլում հայտնաբերել «դարի չարիքը»:
Լրագրողների հետ հանդիպմանը տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ կենտրոնի գոյության 15 տարիների ընթացքում այցելուների թիվը տարեց տարի աճել է, ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 282.078 հետազոտություն, իսկ անցած տարի կենտրոնում հետազոտվել է 30 հազար մարդ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Ամիսներ առաջ կենտրոնը համալրվել է թվայնացված մամոգրաֆներով, ինչի շնորհիվ կենտրոնի մասնագետները կարողանում են ավելի վաղ հայտնաբերել նորագոյացությունները, իսկ սա, ըստ Խ.Հակոբյանի, 95 տոկոս հավանականությամբ հնարավորություն է տալիս փրկել մարդու կյանքը. «Ես չեմ զլանում կրկնել` այս հիվանդությունը չունի բուժում, բուժման միակ եղանակը դա կանխարգելումն է: Իսկ որպեսզի բժիշկը կարողանա ժամանակին կանխարգելել, մարդիկ պետք է ընդառաջ գնան բժշկին, ժամանակին այցելեն նրան` տարին մեկ անգամ»,- ևս մեկ անգամ հիշեցրեց Խ.Հակոբյանը:
Մասնավորապես, իրենց կենտրոնում պրոֆիլակտիկ զննումների շնորհիվ հնարավոր է եղել փրկել շուրջ 4 հազար կնոջ կյանք, ինչը Հայաստանի նման փոքր երկրի համար բավականին խոսուն թիվ է:
Կենտրոնը փետրվարի վերջին կունենա նաև վիրահատարան, որի անհրաժեշտությունը, ըստ բանախոսի, առաջ էին քաշել այցելուները, ովքեր ցանկություն էին հայտնել վիրահատվել կենտրոնի մասնագետների մոտ. «Մենք կունենանք փոքր, ժամանակակից սարքավորումներով հագեցած վիրահատարան` «մեկ օրվա վիրահատարան» պայմանական անվանումով, որտեղ կատարվելու են փոքր վիրահատություններ կապված կրծքագեղձի, միզապարկի կամ արգանդի և ձվարանների հետ, որոնք փոքր մասշտաբների են»,- տեղեկացրեց նա ու ավելացրեց, որ հետագայում, եթե այս գործը ևս հաջողվի, գուցե մտածեն ավելի ընդլայնվելու մասին:
Խ.Հակոբյանը տեղեկացրեց, որ 2013թ-ին գնային քաղաքականությունը չի փոխվի և ծառայությունների գները չեն թանկանա.
«1997թ-ից մինչ օրս ժապավենային մամոգրաֆիայի գինը այդպես էլ չփոխվեց, մնաց նույն 11 հազարը, ինչը շատերի համար անհասկանալի է, քանի որ բժշկական որակյալ ծառայությունը կատարելագործում է ենթադրում: Սակայն մենք, անընդհատ կատարելագործելով որակը, գնային կտրուկ փոփոխություն չունեցանք»:
Իսկ որպեսզի կենտրոնը կարողանա շարունակել բարեգործական ծառայությունների մատուցումը անվճարունակ քաղաքացիներին, բոլորովին վերջերս բացված կոնֆերանս սրահի դիմաց ստացվելիք վարձակալության գումարը միտված է լինելու այդ ծախսերին. «Կենտրոնի քաղաքականությունը միշտ եղել է չմերժել որևէ քաղաքացու, եթե նա անվճարունակ է»,- ընդգծեց կենտրոնի գործադիր տնօրենը` նշելով, որ օրական իրենց մոտ զննվում է այդպիսի 10-12 այցելու:
Քաղցկեղի դեմ պայքարում անհրաժեշտ է մասնագիտական ճիշտ բուժում, իսկ հեքիմական մոտեցումները այս հարցում կարող են արագացնել կյանքի համար վտանգավոր գործընթացը. «Հեքիմները սկսում են բուժում նշանակել, իսկ քաղցկեղի դեպքում ամենակարևոր գործոնը դառնում է ժամանակը, քանի որ պետք է կարողանաս այդ ժամանակը շատ ճիշտ օգտագործել, նախագծված սխեմայով անցնել բուժում»,- անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր չէ բուժել քաղցկեղը, ինչպես այդ մասին պնդում են, ժողովրդական միջոցներով նշեց տիկին Հակոբյանը:
Նշենք, որ կենտրոնում զննում են անցնում նաև տղամարդիկ. անցած տարիների ընթացքում 687 տղամարդ է հետազոտվել, նրանցից 28-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին