Հանձնաժողով. Մեխիկոյում Ալիևի հուշարձանը հակասում է հումանիտար իրավունքին
Մեխիկոյի դաշնային օկրուգի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը կիրակի օրը քննարկել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանը հանելու «անհրաժեշտության» հարցն ու հաստատել, որ «հուշարձանը հակասում է հումանիտարիրավունքին»:
Այս մասին տեղեկացնում է CNNMéxico-ն:
«Հանձնաժողովը գտնում է, որ հուշարձանի պահպանումն այն վայրում, որտեղ տեղադրված է, հակասում է մարդու իրավունքների ու բռնության զոհերի հիշատակի հարգման խրախուսմանը»,- ասված է հանձնաժողովի որոշման մեջ:
Տեղեկատվության համաձայն` հանձնաժողովի քննարկումը պայմանավորված է Ալիևի հուշարձանը մայրաքաղաք Մեխիկոյի կենտրոնական փողոցներից մեկում` Պասե-դե-լա-Ռեֆորմայում տեղադրելու փաստի առթիվ մեքսիկացիների դժգոհությամբ: Նշվում է, որ հանձնաժողովի նիստի ժամանակ տեղի է ունեցել բողոքի ակցիա` մի կողմից հուշարձանի տեղադրման հակառակորդները, ովքեր ակցիայի են դուրս եկել Մեքսիկայի դրոշներով ու ցուցապաստառներով, իսկ մյուս կողմից` կողմնակիցները, որոնց ձեռքին եղել են ծաղիկներ ու Ադրբեջանի դրոշներ:
«Հիմնական պահանջը` Չապուլտեպեկը (Մեխիկոյի կենտրոնում գտնվող բլուր – Panorama.am) չի վաճառվում: Հանեք դիկտատոր Ալիևին Ռեֆորմայից»,- լրատվամիջոցը մեջբերել է հուշարձանի հակառակորդներից մեկի` Խեսուս Ռոբլես Մալուֆի թվիթերում կատարած գրառումը:
Նշվում է, որ մայրաքաղաքում Ալիևի հուշարձանը տեղադրվել է նախորդ տարվա օգոստոսին` Ադրբեջանի դեսպանատան կողմից 15 միլիոն պեսո ներդրումների շնորհիվ: Բազմաթիվ գիտնականներ, քաղաքական գործիչներ ու հասարակական ակտիվիստներ դժգոհություն են հայտնել խորհրդային ՊԱԿ-ի աշխատակից, պետական հեղաշրջմամբ իր երկրում իշխանության եկած ու կոպիտ կառավարմամբ հայտնի Ալիևի հուշարձանի տեղադրման առթիվ: Քննադատների մեջ հատկապես նշվում է Մեքսիկայում հայտնի գործիչներ էկոլոգ Հոմերո Արիդիսի, ձախ ուժերի լիդեր Կաուտեմոս Կարդենասի, ինչպես նաև Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի նախկին ռեկտոր Խոսե Սարուխանի անունները:
Նշենք, որ Խոսե Սարուխանը ազգույթամբ հայ է, նա մեծ ճանաչում ունի ոչ միայն Մեքսիկայում, այլ նրա սահմաններից դուրս: Իսկ նրա որդին` Արթուրո Սարուխանը, հայտնի դիվանագետ է և այժմ հանդիսանում է ԱՄՆ-ում Մեքսիկայի արտակարգ ու լիազոր դեսպանը:
Ինչ վերաբերում է Ալիևի հուշարձանին, ապա հանրային բողոքից հետո Մեխիկոյի իշխանությունները որոշում կայացրեցին քաղաքացիական հանձնաժողով ստեղծել, որը նախորդ տարվա նոյեմբերին կայացրեց հուշարձանն ապամոնտաժելու մասին որոշում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան