ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը սպասում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու
«Այսօր առավոտյան ԵԽԽՎ Բյորոյի նիստում Հայաստանի պատվիրակությունը վստահեցրել է, որ ամեն ինչ անում են Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեն թափանցիկ, ազատ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան»: Այդ մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի մեկնարկից առաջ տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը Ստրասբուրգից:
Նա հիշեցրեց, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան էր ժամանել Քերեն Ուոլդսեթի (K. Woldseth) ղեկավարած պատվիրակությունը, որը առաքելության վերջում հայտարարություն էր տարածել: «Ըստ այդ հայտարարության, կան որոշ մտահոգություններ նախագահական ընտրություններից առաջ, սակայն Հայաստանի պատվիրակության ղեկավարը այսօր Բյուրոյի նիստում վստահեցրել է, որ այս ընտրությունները լավագույնն են լինելու: Այն, ինչ նա ասել է, մեզ ոգևորում է», -հայտարարեց Մինյոնը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան եկած պատվիրակությունը ողջունել էր միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը, բայց միաժամանակ որոշ մտահոգություններ հայտնել նախընտրական գործընթացի կապակցությամբ:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, սակայն, տարածած հայտարարությամբ անընդունելի էր համարել ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունը և նկատել, որ հայտարարության մեծ մասը արտատպված է Հայաստանում 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոնուհի Նիկոլսոնի գլխավորած պատվիրակության տխրահռչակ զեկույցից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները