Ռ. Կիրակոսյան. Ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը ներսում է
Սերժ Սարգսյանի երկրորդ պաշտոնավարումը կլինի արտաքին քաղաքականության ոլորտում մարտահրավերների հաղթահարման ժամանակաշրջան: Ե´վ հայ-թուրքական հարաբերություններում, և´ ԼՂ հարցում ներկայումս Հայաստանն ավելի լավ քաղաքական դիրքերում է: Այս մասին, անդրադառնալով արտաքին քաղաքական մարտահրավերներին, լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Բանախոսի կարծիքով` նախագահ Սարգսյանի և ԱԳ նախարար Է. Նալբանդյանի համար մարտահրավերն այն է, որ նրանք պետք է պահպանեն այդ հզորությունը:
«Հայաստանի արտաքին քաղաքական կյանքն այսօր ավելի դինամիկ է և, ի տարբերույթուն անցյալի, այլևս հիմնված չէ այլոց սխալների միջոցով հաջողության հասնելու քաղաքականության վրա, ինչպես անցյալում էր: Միաժամանակ Հայաստանն ավելի կայուն է, քան իր հարևանները»,- նշեց քաղաքագետը:
Նա անդրադարձավ նաև ներքին և արտաքին քաղաքականության միջև կապին ու ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուժեղացնելու համար ներքին քաղաքականությունից կախվածությունը մեծ է:
Բանախոսի համոզմամբ` անկախ այն հանգամանքից, թե փետրվարի 18-ին ով կընտրվի հանրապետության նախագահ, մարտահրավերները կմնան նույնը, և ամենամեծ սպառնալիքը ներսից կլինի` ավելի կոնկրետ, օլիգարխիկ համակարգի հաղթահարումը, որը ներկայումս խարխլում է պետությունը:
«Այս տեսանկյունից, Հայաստանի ազգային անվտանգության հիմնական սպառնալիքը Թուրքիայից կամ Ադրբեջանից չի գալիս: Այն հենց ներսում է»,- եզրափակեց Ռ. Կիրակոսյանը: