Վանաձորի քաղաքապետ. Վանաձորցին շատ երկար է սպասել քիմպրոմի բանարկմանը, իսկ հիմա գործընթացն էլի երկարեց
Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը դժվարացավ գնահատական տալ առավոտյան Վանաձորի «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ: Panorama.am-ի հետ զրույցում նա ուղղակի ընդգծեց, որ իրականում շատ վատ բան է եղել. «Իրականում շատ վատ բան է եղել, որովհետև վանաձորցին շատ երկար է սպասել քիմպրոմի բանարկմանը, իսկ հիմա, փաստորեն, գործընթացն էլի երկարեց»,- նշեց նա:
Գործարանը, հիշեցրեց Վանաձորի քաղաքապետը, բանարկման փուլում էր, փորձարկումներ էին իրականացվում: Բայց թե ինչո՞ւ է պայթյուն տեղի ունեցել, ըստ Ս.Դարբինյանի, պետք է գնահատական տան քիմիական արդյունաբերության մասնագետները:
Panorama.am-ի հարցադրմանը, թե քանի աշխատատեղի խնդիր էր լուծելու «Պրոմեթեյ քիմպրոմ»-ը քաղաքապետը հնչեցրեց մոտ 400 աշխատատեղ թիվը, թեև ավելացրեց, որ դրա գործարկումը կկարևորվեր ոչ միայն այդ գործոնով, այլև նրանով, որ Հայաստանում կապահովվեր կարբոնային պարարտանյութի արտադրությունը. «Այս դեպքը բավականին վնաս է հասցրել արտադրամասին, մինչև վերականգնվի ամիսներ կպահանջվեն»,- հավելեց նա:
Նշենք, որ «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ում այս պահին ընթանում է փակ խորհրդակցություն:
Հիշեցնենք, առավոտյան 09.45-ին Վանաձոր քաղաքի «Պրոմեթեյ քիմպրոմ» ՓԲԸ-ի տարածքում պայթյուն է տեղի ունեցել, ամոնյակի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով մահացել է աշխատակից, 1990 թ. ծնված Դ. Ասատրյանը:
Նախորդիվ` Պայթյուն «Պրոմեթեյ քիմպրոմ»-ում. Երիտասարդը աշխատակիցը զոհվել է