Էպոսագետ թեկնածուն բուն քարոզարշավը կսկսի փետրվարից 1-ից
Էպոսագետ, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը իր նախընտրական քարոզարշավը սկսեց լրագրողների հետ հանդիպմամբ: Նա տեղեկացրեց, որ ինքը մինչև փետրվարի 1-ը չի բաժանելու բուկլետներ, տարբեր վայրերում չի տեղադրելու վահանակներ, այլ բավարարվելու է միայն հեռուստատեսային հարցազրույցներով, սերտ համագործակցելու է մարզային հեռուստաընկերությունների հետ, ասուլիսներով:
«Հիմնական մարտավարությունը դա է լինելու»,- ընդգծեց նա:
Թեկնածուն նաև ասաց, որ չի պատրաստվում գնալ մարզեր ու նախընտրում է երեկոյան ժամերին նստել տանը ու հանգիստ նայել, թե ինչպես են թեկնածուները «մարզերով մեկ վազվզում»:
Վ. Սեդրակյանի համար բուն քարոզարշավը կսկսվի փետրվարի 1-ից: Նրա նախընտրական կենտրոնական շտաբը կբացվի հենց այդ ժամանակ, իսկ կունենա շտաբներ, թե ոչ, ասաց, որ կպատասխանի այդ հարցին հենց փետրվարի 1-ին:
Ինչո՞ւ են քաղաքացիները ընտրելու ձեզ հարցին, էպոսագետ թեկնածուն թվարկեց տասնյակից ավելի պատճառներ. «Ընտրելու է պարզ պատճառով, որ լուծարելու եմ անարդար Ազգային ժողովը, հնարավորությում եմ տալու բոլոր կուսակցություններին մասնակցել նոր` արդար ընտրություններին, որից հետո կձևավորվի արդար կառավարություն` Ազգային ժողով, որը հակակշիռ է լինելու նախագահին: Քաղաքացին ընտրելու է, որովհետև չեմ գալիս կոնկրետ կուսակցական խմբով, որ հետո նրանց տամ նախարարական պորտֆելներ, պատգամավորական մանդատներ: Ինձ ընտրելու դեպքում կվերանա մի շարք հարկեր …»:
Վ. Սեդրակյանի նախընտրական կարգախոսն է` «Աստված վերևում է»: Թեկնածուն ասաց, որ Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպից է վերցրել: Նրա մեկնաբանմամբ, վեպում քաղաքն անհասկանալի հիվանդությամբ է վարակվում, մարդիկ կորցնում են իրենց հիշողությունը և, որպեսզի վերջնականապես չկորցնեն ամեն ինչ, մեծ պաստառի վրա գրում են` «Վերևում Աստված կա» և կախում են քաղաքում, որ գոնե դա հիշեն: «Իմ նպատակն է` երեք նախկին նախագահներին հիշեցնել, որ 1991-ից առ այսօր Հայաստանին այս թշվառ, ողորմելի վիճակին հասցրել են իրենք, նրանք հավասարապես մեղավոր են: Ընդունում են դա, թե ոչ, միևնույնն է, Աստված կա ու մի օր կանգնելու են Աստծո առաջ ու պատասխան են տալու իրենց կատարածների համար: Առաջարկում եմ չորս նախագահաների ինստիտուտ` շանս տալով նրանց, որ իրենց կյանքի վերջում ուղղեն իրենց սխալները»,- մանրամասնեց նախագահի թեկնածու Վ. Սեդրակյանը:
Եթե չընտրվեք հարցին, նա տվեց նույն պատասխանը, ինչպես միշտ` «այդպիսի բան չի կարող լինել»: