Մեծ Բրիտանիայի դեսպան. Ցավում եմ, որ խորհրդարանի 3 ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների մասին գրառումներ է կատարել իր բլոգում` ցավ հայտնելով փաստի վերաբերյալ, որ խորհրդարանական ընդդիմադիր 3 ուժերից որևէ մեկը սեփական թեկնածուով չի մասնակցում ընտրություններին:
«Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ/ԺՄՀԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում»,-գրում է տիկին դեսպանն ու ինքն իրեն հարցնում. ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:
«Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (Հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանն ընդգծում է, որ տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը:
«Արդյո՞ք սա տեղի կունենա: Կողքից հետևելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորև նշված երեք ոլորտներին:
Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի և մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:
Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:
Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներևլինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ:
Մենք իրոք անհամբերությամբ սպասում ենք ընտրարշավին և հուսով ենք, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլև գաղափարախոսությունների միջև»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները