Amnesty International-ը դադարեցրել է «խղճի դատապարտյալ» Էյնուլլա Ֆաթուլլաևի հետ համագործակցությունը
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ դադարեցնում է ադրբեջանցի լրագրող, «Հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ղեկավար Էյնուլլա Ֆաթուլլաևի հետ համագործակցությունը: Կազմակերպությունը գտնում է, որ Գերմանիայում մարդու իրավունքների «խախտումների» վերաբերյալ Ֆաթուլլաևի ներկայացրած նախագիծը Ադրբեջանի իշխանության կողմից օգտագործվում է այդ երկրում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ Եվրոպայից հնչող քննադատությունը թուլացնելու համար:
Ինչպես նշում է «Ազադլիգ» թերթը, հայտարարության մեջ ասվում է, որ ժամանակին «խղճի դատապարտյալ» հանդիսացող և Amnesty International-ի կողմից 4 տարի շարունակ իրագործված արշավից հետո միայն ազատ արձակված Ֆաթուլլաևը կապվել է կազմակերպության Գերմանիայում տեղակայված գրասենյակի հետ և նրանցից խնդրել Գերմանիայում մարդու իրավունքների խախտումների մասին Բրյուսելում անցկացվելիք միջոցառմանը մասնակցելու համար մի խոսնակ հատկացնել:
«Նա ասաց, թե այդ միջոցառումը ֆինանսավորվում է Գերմանական Մարշալի հիմնադրամի Սևծովյան հիմնադրամը»,-ասվում է կազմակերպության հայտարարության մեջ և նշվում, որ Սևծովյան հիմնադրամը հերքել է այդ տեղեկատվությունը: Բացի այդ, թեև կազմակերպությունը հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը, Ֆաթուլլաևը տարածել է միջոցառման օրակարգը, որտեղ նշված է եղել, որ նրանում մասնակցելու է նաև Amnesty International-ի ներկայացուցիչը:
Այս ամենի պատճառով, Amnesty International-ը հայտարարել է, որ որոշել է դադարեցնել իր գործունեությունը Էյնուլլա Ֆաթուլլաևի կողմից ղեկավարվող «Հանուն մարդու իրավունքների» ադրբեջանական հասարակական կազմակերպության հետ:
Amnesty International-ը Ֆաթուլլաևին պատկանող «Haqqin.az» կայքը գնահատել է որպես «իշխանամետ տեղեկատվական գործակալությունների կողմից օժանդակվող»:
«Այս կայքը Ադրբեջանում սովորական դարձած մարդու իրավունքների խախտումները ներկայացնում է Գերմանիայում տեղի ունեցող աննշան խախտումներին հավասար և իր այդ պնդումը փաստելու համար օգտվում է Գերմանիայում մարդու իրավունքների խախտումների դեմ Amnesty International-ի կողմից արված քննադատություններից»,-նշում է Amnesty International-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին