Ընդդիմադիր դաշտի վրա կարելի է խաչ քաշել
«Голос Армении»-ն ներկայացրել է հարցազրույց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի հետ: Անդրադառնալով նախագահական ընտրություններին` Ա. Մեսրոպյանը նշել է, որ, այսպես կոչված, ընդդիմադիր դաշտի վրա այսօր կարելի է մեծ խաչ քաշել: Ըստ նրա այս նախագահական ընտրությունները հույս են տալիս, որ մեր համաքաղաքացիները սկսեն ավելի իրատեսական գնահատել քաղաքական դաշտը և ավելի քիչ անսալ այն քաղաքական գործիչներին, որոնց իրավամբ կարելի է անվանել «մարած քարտ»:
«Ինչպես հայտնի է մարած քարտը գրավիչ է, սակայն օգուտ չի բերում: Հայաստանին պետք են ոչ թե կադրային, այլ համակարգային փոփոխություններ: Ակնհայտ է, որ Հայաստանի պարագայում մենք ունենք որոշակի աճ, սակայն չունենք որակական փոփոխություն»: Փորձագետի կարծիքով` որակական փոփոխություն կարող է բերել քաղաքացիական հասարակության ակտիվացումը, որը կարող է էականորեն զատել քաղաքական համակարգը կառավարման համակարգից` ներդնելով այլընտրանքային իշխանության գաղափարը, որը փոխարինելու կգա արդեն հնացած և ֆունկցիոնալ առումով անգործունակ իշխանական համակարգին: