Հենրիխ Մխիթարյան. «Ես դեռ ձայնի իրավունք չունեմ»
Դոնեցկի «Շախտյորի» ամսագրի վերջին համարի կենտրոնական տեղն զբաղեցրել է Հենրիխ Մխիթարյանը: Մասնավորապես` Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը ծավալուն հարցազրույց է տվել` պատասխանելով մի շարք հետաքրքիր հարցերի: Նրա մի մասը, որը ներկայացրել է դոնեցկյան ակումբի պաշտոնական կայքը, ներկայացնում ենք մեր ընթերցողների ուշադրությանը:
- Զգո՞ւմ ես, որ հեղինակություն ես դառնում թիմում, աճում է քո նշանակությունը, ձայնի իրավունք ունես:
- Ձայնի իրավունք ես դեռ չունեմ, որովհետև «Շախտյորում» կան այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր ավելի երկար են խաղում այստեղ: Մենք ունենք ավագ և փոխավագ, ովքեր ձայնի իրավունք ունեն: Ես կարող եմ կատարել իմ աշխատանքը խաղադաշտում. դա է իմ իրավունքը:
- Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, որ հանրաճանաչ ես դարձել կանանց շրջանում. շատ երկրպագուհիներ քո մեջ պոտենցիալ ամուսին են տեսնում և ուզում են ծանոթանալ:
- Առայժմ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել, ոչ ոք չի մոտեցել (ծիծաղում է): Իսկ ընդհանրապես` հաճելի է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում:
- Այնուամենայնիվ, դու ապրում ես մարզաբազայում և հաճախ չես դուրս գալիս այնտեղից:
- Դե ինչո՞ւ: Երբեմն դուրս եմ գալիս: Պարզապես ես գիտեմ, թե ինչի համար եմ մարզվում ու խաղում: Չեմ հերքում, որ մեկը մյուսի հետ կարելի է համատեղել: Բայց հիմա, երբ ես կուռք եմ դարձել ու սկսել եմ ավելի շատ գոլեր խփել, չեմ ուզում մոռանալ ֆուտբոլի մասին և փոխել ճանապարհս: Այն ինձ համար մեկն է, և ես չեմ ուզում ամեն ինչ համատեղել: