Սյունիքի մարզում ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնը կռվախնձոր է դարձել
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ վերջին օրերին Սյունիքի մարզում «պատերազմ» է սկսվել, և կռվախնձորը ՀՀԿ մարզային շտաբի ղեկավարի պաշտոնն է: Թեև վաղուց որոշված էր, որ ՀՀԿ Սյունիքի մարզային շտաբը պետք է ղեկավարի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ինքը` կոմունիստ Հակոբյանը, դեռևս անցած տարվա դեկտեմբերի 20-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքն է ղեկավարելու ՀՀԿ շտաբը: Բայց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը չի կարողանում հաշտվել այդ մտքի հետ: Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների` Խաչատրյանն օրերս վիճաբանել է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի Հակոբջանյանի հետ, քանի որ վերջինս Սիսիանում հայտարարել է, թե այս անգամ ինքն է ղեկավարելու Սիսիանի ու ընդհանրապես ՀՀԿ մարզային շտաբը: Բանն այնտեղ է հասել, որ Խաչատրյանը քաղաքապետին արգելել է ուրբաթ օրը նիստ հրավիրել: