Արման Մելիքյան. Զբաղվելու եմ միայն ընտրությունների իրավական լինելու հարցով
ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը տնտեսական, քաղաքական և սոցիալական մասով կասեցնում է իր քարոզարշավը: Այդ մասին նա հայտարարեց այսօրվա ասուլիսի ժամանակ, պատճառաբանելով, թե «Հայաստանում բացակայում է օրինականությունը և իրավական հիմքերի պաշտպանությունը»: «Ես զբաղվելու եմ միայն ընտրությունների իրավական լինելու հարցով», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ այն փաստը, որ իշխանությունները հրաժարվում են թափանցիկ դարձնել ընտրացուցակները՝ դրա վառ ապացույցն են:
«Մենք հանդես կգանք համապատասխան հայտարարություններով, ավելի բարձր մակարդակներով, կհանդիպենք նաև դիտորդական առաքելությունների հետ: Մենք պետք է իրավունք ունենանք իմանալ, թե որքան մարդ է հեռացել Հայաստանից, որքան է ընտրողների թիվը: Առանց դրա ընտրություններ անցկացնելն անիմաստ է», - ասաց նա:
Ըստ բանախոսի՝ այդ հարցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զլացել է, թեև իրավասու էր լուծում տալ այդ խնդրին: «ԿԸՀ-ն վերահասցեագրեց մեր դիմումը ոստիկանությանը: Մենք պետք է իմանանք թե, արդյո՞ք ՀՀ քաղաքացիություն ստացած սփյուռքահայերն ընդգրկված են ընտրացուցակում, թե ոչ: Եթե պատասխանը գա, մենք կփորձենք բավարարվել, բայց դա բավարար չէ իրավական պետություն ստեղծելու համար», -ասաց Ա.Մելիքյանը:
Թեկնածուն ասաց, որ կարող է մինչև փետրվարի 8-ը սպասել, և հրաժարվել, կամ կարող է մնալ և քվեարկությունից օր առաջ հայտարարել ՝ ընտրությունների կեղծ լինելու մասին: «Սա մարտահրավեր չէ, որևէ մեկին մրոտելու փորձ չէ, բայց հանուն մեր պետականության ու հանրության՝ պետք է փոխենք այսպիսի ընթացքը: Պետք է հանենք սուտը», - նշեց բանախոսը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ոչ ոք պաշտպանված չէ իրավական դաշտում, «նույնիսկ Հանրապետական կուսակցության անդամները»: Նա հայտնեց, որ նման իրավիճակում է հայտնվել ՀՀԿ շարքային անդամ Մարետա Սարգսյանը, որը վտարվել է իր սեփականություն հանդիսացող տնից՝ տարածքային ինքնակառավարման փոխնախարար Բախշյանի համառությամբ: «Դատարանն անօգնական է գտնվել պաշտոնյայի կամակատարության առջև», - ասաց նա:
Այնուամենայնիվ, Արման Մելիքյանը տեղեկացրեց, որ իր առաջին փուլի կարգախոսն է լինելու «Մի լռեք, տեսակետ հայտնեք, քանի որ լռությունը փախուստ է ակտիվ գործողություններից», իսկ երկրորդ՝ «Նոր հայացք, նոր կենսակերպ» ձևույթները:
Թեկնածուն հայտարարեց, որ հանդիպումներ կունենան տարբեր հասարակական խմբերի հետ, բայց ոչ քարոզարշավի շրջանակներում: «Օրինակ, հենց այսօր հանդիպելու ենք փասխտականների հետ, կլինեն այլ հանդիպումներ, բայց, կրկնում եմ, դա քարոզաշրավ չի լինելու», - ասաց Ա. Մելիքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին