Կոսովոյում կանանց բռնության են ենթարկում. ԵԽԽՎ-ն մտահոգված է այդ երկրում տիրող վիճակով
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մտահոգված է Կոսովոյում տիրող իրավիճակով: Ինչպես Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը, այսօր Վեհաժողովում Շվեդիան ներկայացնող պատգամավոր Բյորն ֆոն Սիդով (Bjorn von Sydow) «Իրավիճակը Կոսվոյում և ԵԽ-ի դերը» զեկույցը ներկայացնելով եվրոպացի պատգամավորներին զեկուցեց, որ Կոսովոյում իրավիճակը «լավ չէ, հասարակության 30 տոկոսը գտնվում է աղքատության շեմին, անվտանգությունը բավարար մակարդակի վրա չէ»: Բացի այդ, նրա զեկուցմամբ, վանդալիզմի են ենթարկվում սերբական սրբավայրերը:
«Բացակայում է իրավունքի գերակայությունը, կոռուպցիան համատարած աճում է բոլոր ոլորտներում: Մտահոգիչ է կրթության ոլորտում տիրող վիճակը, և փոքրամասնությունները հավասար կրթություն չեն ստանում: Կոսվոյում կանանց իրավունքները չեն պաշտպանվում, այդ երկրում լռեցվում են կանանց դեմ բռնությունները», հայտարարեց շվեդ պատգամավորը:
Վերջինի զեկույցում, սակայն, ամեն ինչ այդքան մռայլ չէ ներկայացված. զեկուցող պատգամավորը նաև առաջընթաց է նկատել. «Սահմանադրական դատարանը շատ լավ է աշխատում, ընտրական գործընթացը լավ է իրականացվում: Պետք է ասել, որ ստանդարտները առաջնային են, իսկ կարգավիճակը` երկրորդային»:
Նրա խոսքով, ԵԽԽՎ-ն կարևոր դեր կարող է կատարել այդ երկրում իրավունքի գերակայության ու ազատությունների ապահովման հարցում: «ԵԽԽՎ-ն կարող է իր ծրագրերով աջակցել այդ գործընթացներին: Մենք պետք է ուղիղ շփում ապահովենք Կոսովոյի իշխանությունների հետ: Հույս ունեմ, որ մենք կարող ենք ամրապնդել մեր երկխոսությունը», -հայտարարեց պատգամավորը:
Նշենք, որ այս հարցի շրջանակներում զեկույց ունի նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները