ԵԽԽՎ պատվիրակության զեկույցը հավասարակշռված էր. Նաիրա Զոհրաբյանը համաձայն չէ Դավիթ Հարությունյանի հետ
Այն, ինչ արձանագրել են ԵԽԽՎ դիտորդները իրենց նախնական հայտարարության մեջ, պետք է լինենք անկեղծ, իր մեջ լուրջ փաստական հիմք ունի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը` մեկնաբանելով նախընտրական առաքելությամբ Հայաստան ժամանած ԵԽԽՎ դիտորդների նախնական հայտարարությունը:
«Այն, որ այս ընտրությունները առանձնապես մրցակցային չեն, այն, որ ընտրությունների նկատմամբ կա հանրային անվստահություն, դա կարծում եմ որևէ մեկի համար գաղտնիք չէ: Եվ այն, որ հիմնական թեկնածուները տարբեր մոտիվացիաներով չմասնակցեցին ընտրություններին, բերեց նրան, որ մենք չենք կարող խոսել իրապես մրցակցային ընտրությունների մասին: Փաստ է նաև այն, որ ընտրացուցակներում կա մեծ պրոբլեմ` մեկ հասցեում մի տասնյակից ավելի մարդիկ են գրանցված»,- մեզ հետ զրույցում հավելեց տիկին Զոհրաբյանը:
ԵԽԽՎ պատվիրակության նախընտրական զեկույցը, Զոհրաբյանի կարծիքով, «բավական հավասարակշռված էր», հետևաբար պետք է առաջնորդվել ոչ թե նրանոց, թե ինչքանով է դուր գալիս այս կամ այն առաքելության զեկույցը, այլ նրանով, թե ինչքանով է այն համապատասխանում իրականությանը: «Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք չհաղթահարվեցին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, մասնավորապես ընտրացուցակների խնդիրը, մեկ հասցեում բազմակի գրանցումների խնդիրը, և այլն և այլն, որոնք պետք է լուծվեին, բայց այդպես էլ չլուծվեցին», -նկատեց Նաիրա Զոհրաբյանը:
Հունվարի 21-ին ճեպազրույցում ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ժան Կլոդ Մինյոնը հայտարարել էր, թե ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը իրենց վստահեցրել է, որ ամեն ինչ անում են Հայաստանի նախագահական ընտրություններն անցկացվեն թափանցիկ, ազատ ու ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Նաիրա Զոհրաբյանը չի կարող ասել, թե ինչի՞ հիման վրա է պատվիրակության ղեկավարը նման վստահեցումներ արել, բայց երբ կանցնեն ընտրությունները, ինչպես Զոհրաբյանն ասաց, «Բարգավաճ Հայաստան»-ը իր գնահատականը կտա: «Բարի ցանկությունները դեռևս փաստ չեն», -նկատեց Զոհրաբյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նախընտրական առաքելությամբ Հայաստան եկած պատվիրակությունը ողջունել էր միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու Հայաստանի իշխանությունների մտադրությունը, բայց միաժամանակ որոշ մտահոգություններ հայտնել նախընտրական գործընթացի կապակցությամբ:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, սակայն, տարածած հայտարարությամբ անընդունելի էր համարել ԵԽԽՎ պատվիրակության հայտարարությունը և նկատել, որ հայտարարության մեծ մասը արտատպված է Հայաստանում 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ բարոնուհի Նիկոլսոնի գլխավորած պատվիրակության տխրահռչակ զեկույցից:
Հարակից լուրեր. ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը սպասում է, որ Հայաստանի նախագահական ընտրությունները լավագույնն են լինելու
ԵԽԽՎ. Ընտրություններին հիմնական կուսակցությունների չմասնակցելը ցավալի իրավիճակ է առաջացրել Հայաստանում
«Ես ցնցված եմ». Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ դիտորդներին հորդորում է հավատարիմ մնալ հռչակված սկզբունքներին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները