Ս.Սարգսյան. Աղքատությունը շարունակում է մնալ լուրջ խնդիրներից մեկը (լուսանկարներ)
Նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը երկրորդ օրը սկսեց Ագարակից: Հանդիպումն այստեղ ևս տեղի ունեցավ Մշակույթի պալատում:
«Շնորհակալ եմ, որ եկել եք այստեղ ինձ սատարելու, զրուցելու մեր անելիքների մասին»,- նախևառաջ ագարակցիներին ողջունեց Սերժ Սարգսյանը:
Ներկայացնելով ապագայի ծրագրերը, նախագահի թեկնածուն կանգ առավ այն խնդիրների վրա, որոնք հուզում են այս տարածաշրջանի մարդկանց: Մասնավորապես` սոցիալական հարցերին. «Կայուն աճին զուգահեռ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երաշխավորենք սոցիալական արդարությունը մեր բոլոր քաղաքացիների համար, որպեսզի մարդիկ վստահ լինեն ոչ միայն ներկայի, այլև վաղվա օրվան»,- նշեց նախագահի թեկնածուն ու ավելացրեց, որ չի խուսափում դժվար հարցերից ու խնդիրների քննարկումից, քանի որ միշտ եղել է շիտակ անցած տարիների ընթացքում:
Աղքատությունը, շարունակեց Սերժ Սարգսյանը, շարունակում է մնալ լուրջ խնդիրներից մեկը, փորձը ցույց տվեց, որ սոսկ նպաստներով, բարեգործական միջոցառումներով այն լուծել հնարավոր չէ և հարկավոր է մանրազննին ուսումնասիրել աղքատությունը ծնող հանգամանքները. «Ես համոզված եմ, որ նպաստ ու թոշակ պետք է ստանան այն մարդիկ, ովքեր աշխատելու ունակ չեն. աշխատանքն է աղքատության լուծումը: Վերջին տարիներին մենք կարողացանք դուրս բերել կենսաթոշակային համակարգը անարդարության ճիրաններից, և հիմա եկել է պահը, որ փոխենք նաև այն: Կուտակային համակարգի ներդրմամբ կենսաթոշակային խնդիրները կլուծվեն»,- ոլորտի մասին խոսելով ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Ամենակարևոր ազդակը, որ նախագահի թեկնածուն փոխանցեց ագարակցիերին այն է, որ ոչ ոք մեր փոխարեն չի աշխատելու, որպեսզի ավելի լավ երկիր ունենանք, դա միայն մեր ձեռքում է և դրա ճանապարհով է, որ կհասնենք ապահով Հայաստանին:
Ի դեպ նշենք, որ վերջին երկու օրերին Սյունիքի մարզում նախագահի թեկնածուի նախընտրական քարոզարշավին հետևող Panorama.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ բոլոր բնակավայրերում, նախ, ճանապարհներն են բարվոք և երկրորդն էլ` մշակույթի պալատները և վերանորոգված են, և ջեռուցվում են: