Արցախի նախագահ. Պետք է անել ամեն ինչ, որ հարկահավաքման գործընթացը չխոչընդոտի ձեռնարկատիրական գործունեությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայություն: Նախագահը ծանոթացել է գերատեսչության շենքային և աշխատանքային պայմաններին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Բակո Սահակյանը կարևորել է ժամանակակից չափանիշներին համապատասխան աշխատանքային պայմանների առկայությունը` ընդգծելով, որ այն իր դրական ազդեցությունն է թողնում համակարգի գործունեության վրա:
Այնուհետև երկրի ղեկավարը մասնակցել է հարկային պետական ծառայության հաշվետու խորհրդակցությանը: Կառույցի աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել ծառայության պետ Արտակ Բալայանը և գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները:
Նախագահ Սահակյանն իր խոսքում բավարար է գնահատել հարկային պետական ծառայության աշխատանքը` հավելելով, որ հաշվետու ժամանակաշրջանում կառույցի գործունեության գրեթե բոլոր ոլորտներում արձանագրվել են բարձր ցուցանիշներ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ դրական տեղաշարժերի հետ մեկտեղ ոլորտում կան նաև շատ անելիքներ: Որպես ռազմավարական ամենակարևոր խնդիր` Բակո Սահակյանը նշել է տնտեսության մեջ սեփական ներուժի բնականոն զարգացման խթանումը: Նախագահի խոսքով` պետք է անել ամեն ինչ, որպեսզի հարկահավաքման գործընթացը խոչընդոտ չհանդիսանա ձեռնարկատիրական գործունեության, հատկապես` փոքր և միջին բիզնեսի զարգացման համար, ինչը չափազանց կարևոր է հանրապետությունում միջին խավի ձևավորման համար:
Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության ղեկավարությանը աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ` նշելով, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն մշտական աջակցություն ցուցաբերել համակարգին` ուշադրության կենտրոնում պահելով նրա հիմնախնդիրներն ու դրանց լուծման գործընթացը:
Միջոցառմանը մասնակցում էին ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին