Կմիանան ՀԱԿ և ԲՀԿ արմատական բեկորները
«Հրապարակը» գրում է, որ ՀԱԿ-ում ընթացող խմորումները չեն դադարում. մի կողմից ուզում են ՀԱԿ-ը վերածել կուսակցության, մյուս կողմից` ընդդիմադիր կենտրոնը դեպի իրենց տեղափոխել ցանկացողներն էլ քիչ չեն, ովքեր ամեն ինչ անում են, որ անհնազանդները դուրս գան ՀԱԿ-ից, տակը մնացածներով ստեղծեն կուսակցություն, որից հետո արդեն կյանքի կկոչվի ռուսաստանաբնակ Սմբատ Կարախանյանի պրոյեկտը, ըստ որի` կմիանան ՀԱԿ և ԲՀԿ արմատական բեկորները: Սակայն մյուս կողմից էլ ոչ Պետրոս Մակեյանը, ոչ Սոս Գիմիշյանը, ոչ Հրանտ Բագրատյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը չեն ցանկանում առայժմ դուրս գալ ՀԱԿ-ից և ՀԱԿ-ի գործը հեշտացնել:
ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու գաղափարը Կոնգրեսի քաղխորհրդում քննարկվել է դեռ 1 տարի առաջ ու հավանության չի արժանացել: Խորհրդարանական ընտրություններից հետո ՀԱԿ էմիսարները փորձել են համոզել «անհնազանդներին»` համաձայնել այդ տարբերակին: Դավիթ Մաթևոսյանը խոսել է Պետրոս Մակեյանի հետ, վերջինս չի համաձայնել` ասելով, փաստորեն, ինչ չհաջողվեց Վանոյին, փորձում եք դուք իրականացնել:
Թերթը հիշեցնում է, որ 98-ի իշխանափոխությունից հետո տեղի ունեցած ՀՀՇ համագումարում Վանոն առաջարկեց փոխել ՀՀՇ-ի անունը, որովհետև այն դրական ասոցիացիաներ չէր առաջացնում: ՀԱԿ էմիսարները փորձել են նաև Հրանտ Բագրատյանին համոզել` լուծարելու իր կուսակցությունը, ինչպես Դավիթ Շահնազարյանը լուծարեց իր «21-րդ դար» կուսակցությունն ու մտավ ՀՀՇ, բայց Բագրատյանը չի համաձայնել: Ինչով կավարտվեն զարգացումները, առայժմ անհայտ է: