Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը Թուրքիայի փոխարեն հավանաբար կկայանա Եգիպտոսում
Եգիպտոսը ողջունել է Իրանի և «5+1 խմբի» հանդիպումը Կահիրեում անցկացնելու առաջարկը:
Այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը, անդրադառնալով առաջիկայում Իրանի և «5+1 խմբի» միջև (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) կայանալիք հերթական հանդիպմանը, նշել է. «Առաջիկա բանակցությունների տեղն ու ժամկետն առայժմ հստակ չէ: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնի միջև այդ հարցի առնչությամբ ներկայում խորհրդակցություններ են անցկացնում: Երբ որ ես Եգիպոտսում էի, առաջարկեցի, որպեսզի Իրանի և «5+1 խմբի» բանակցություններն անցկացվեն Կահիրեում, ինչն էլ ողջունվեց Եգիպտոսի իշխանությունների կողմից. ներկայում նրանք այդ հարցի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում «5+1 խմբի» հետ»:
Նկատենք, որ հունվարի 11-ին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, որ Իրանի և «5+1 խմբի» հերթական հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում:
Նշենք, որ մինչ այդ Իրանի և «5+1» խմբի միջև բանակցությունները տեղի էին ունեցել 2012թ. ապրիլին Ստամբուլում: Բանակցությունների երկրորդ փուլն անցկացվեց մայիսին՝ Բաղդադում, իսկ երրորդը տեղի ունեցավ հունիսին՝ Մոսկվայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան