Ռ. Մուրադյան. Բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին
Նախընտրական գործընթացների շուրջ Panorama.am-ը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հետ:
-Առաձնացրեք, նախորդ պաշտոնավարման ժամանակ, նախագահի կողմից իրականացված երեք ամենակարևոր նախաձեռնությունները:
-Նախորդ պաշտոնավարման ժամանակ, նախագահի կողմից իրականացված բոլոր նախաձեռնություններն էլ կարևոր են եղել, քանի որ ուղղված են եղել պետության բոլոր ոլորտների զարգացմանը:
Սոցիալական ոլորտում բազմատկվել են սոցիալական պաշտպանության գծով բյուջետային ծախսերը, պետական նպաստների և կենսաթոշակների չափերը, մասնավորապես, կենսաթոշակը բարձրացել է միջինը 2.5 անգամ, ընտանեկան նպաստի միջին չափը` 75 տոկոսով և 7 անգամ աճել է երեխայի խնամքի համար տրվող նպաստը:
Էական մեծ ձեռքբերում էր սոցիալական փաթեթի ներդրումը, որից առաջին հերթին օգտվեցին բազմաթիվ մանկավարժներ: Նրանք կարողացան օգտվել անվճար բժշկական ծառայություններից`լուծելով մարդու կյանքի համար շատ կարևոր առողջության պահմանման խնդիրը, իրականացնելով հետազոտություններ, բուժումներ և վիրահատություններ, ինչպես նաև ձեռք բերեցին հնարավորություն օգտվելու նաև հանգստի կազմակերպման ծառայություններից:
Առողջապահության ոլորտում ներդրվել է ծննդօգնության պետական հավաստագրի և մինչև 7 տարեկան երեխաների անվճար հիվանդանոցային բուժօգնության հավաստագրի մեխանիզմները, անվճար են դարձել 14 տարեկանը բոլորած նախազինակոչային տարիքի երիտասարդների բուժզննումն ու բուժումը: Հիմնովին վերակառուցվել և վերազինվել են մարզային բժշկական հաստատությունները/ Արմավիր, Իջևան, Հրազդան, Արարատ, Գորիս, Գավառ, Ապարան/:
Կրթության ոլորտում հիմնանորոգվել, նորոգվել և ժամանակակից գույքով, տեխնիկայով և լաբորատոր սարքավորումներով վերազինվել է շուրջ 590 հանրակրթական, 107 ավագ դպրոց, 12 տարածաշրջանային քոլեջ: Ստեղծվել է հանրակրթական դպրոցների ինտերնետային համացանց: Մանկավարժների միջին աշխատավարձը բարձրացվել է շուրջ 60 %-ով: Վերապատրաստվել և իրենց մասնագիտական գիտելիքները կատարելագործել են շուրջ 20.000 մանկավարժ:
Երևան քաղաքում բոլոր մանկապարտեզները դարձան անվճար, ինչպես նաև բոլոր դպրոցները ջեռուցվեցին:
-Ձեր ընդդիմախոսները նշում են, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրի դրույթների մի մասն առհասարակ չի իրականացրել: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
2008թ. մենք նախաձեռնեցինք լայնամասշտաբ բարեփոխումների նոր փուլ, որը ներառում է հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտները: Արտաքին մարտահրավերների բացասական հետևանքների հաղթահարումը մեզանից խլեց զգալի ռեսուրսներ, ինչի հետևանքով բարեփոխումների մի մասը դեռևս չի հասել իր տրամաբանական ավարտին, որի պատճառով դրանք դեռևս ակնհայտորեն շոշափելի չեն, բայց դրանք սկսված են:
-Ո՞րն է լինելու ՀՀԿ-ի հաղթաթուղթը առաջիկա նախագահական ընտրություններում:
Մեր հաղթաթութղթը մեր կուսակցության առաջնորդի անցած ճանապարհն է և նրա ներկայացրած նախընտրական ծրագիրը:
Իսկ մեր թեկնածուի ներկայացրած նախընտրական ծրագիրը ապահովում է իր կողմից սկսած ծրագրերի շարունակականությունն ու նոր զարգացումները` հիմքում ունենալով արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի ապահովումը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, ընտանիքի համար` իրականացնելու «Դեպի ապահով Հայաստան» ծրագիրը: