Սերժ Սարգսյան. Բոլոր հիմքերն ունենք` առաջընթաց ապահովելու բոլոր ոլորտներում (Լուսանկարներով)
«Այսօր կրկին ձեզ մոտ եմ` ներկայացնելու այն անելիքները, որոնց շնորհիվ մեր երկիրը կդառնա ավելի ապահով ու մրցունակ»,- Կապանի կենտրոնում` Սյունիքի մարզպետարանի հարակից հրապարակում դիմելով կապանցիներին` իր ելույթը այսպես սկսեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Կապանը,- հիշեցրեց Սերժ Սարգսյանը,- առաջինն է, որ իր վրա զգացել է պատերազմի արհավիրքը, այնպես որ` ապահով Հայաստան ասվածը սյունեցիների համար հասկանալի է.
«Ապահովության երաշխքիը միայն ու միայն հզոր բանակն է: Վերջին տարիներին այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք կատարել և առաջընթաց արձանագրել: Առաջիկա հինգ տարիներին էլ շարունակելու ենք նույն ուղղությամբ»,-հավաստիացրեց նախագահի թեկնածուն:
Գալիք տարիներին, շարունակեց նա, տնտեսության առաջընթացը պայմանավորված է լինելու փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմամբ, հարկային դաշտի վարչարարության պարզեցմամբ և այլն:
«Մենք պատերազմում հաղթանակած ժողովուրդ ենք: Մեր արտաքին քաղաաքական դիրքորոշումները համերաշխ են միջազգային դիրքորոշումներին և մենք բոլոր հիմքերն ունենք առաջընթաց ապահովելու բոլոր ոլորտներում»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:
«Ինչ էլ որ խոստանամ,-շարունակեց նա,- միևնույն է դրա անմիջական իրականացնողը բոլորս ենք»:
«Ես այստեղ եմ, որ ասեմ, թե ինչպես եմ հավատում ու վստահում ձեզ. և պատերազմի օրերին, և դրան հաջորդող ժամանակներում այդպես է եղել: Սյունիք-Լեռնահայաստանն ինձ համար ապահով մեկնակետ է»:
Չկա մեկը, շեշտեց նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, ով չի ընդունի, որ Արցախի հզոր թիկունքը Հայաստանն է ու առաջին հերթին Սյունիքը: Բայց պատերազմի ժամանակ եղավ մի պահ, երբ Արցախն էր Սյունիքի թիկունքը և այսպես ուս-ուսի առաջ ենք գնում.
«Երբեք չեմ կասկածել ձեր կամքին, նվիրումին և այսօր էլ համոզված եմ` միասին վայելելու ենք միասնաբար կերտած ապահով Հայաստանը: Այն Հայաստանը, որը շատերին է տուն վերադարձնելու»,- նշեց նախագահի թեկնածուն ու շնորհակալություն հայտնեց կապանցիներին, որոնք այսօր եկել էին իրեն աջակցելու:
«Ես վստահ եմ, որ դուք ամեն ինչ անելու եք լավ ընտրություններ անցկացնելու համար, որոնք անհրաժեշտ են երկրում բարեփոխումներ իրականացնելու համար»,- իր ելույթը եզրափակեց Սերժ Սարգսյանը` այդպիսով ավարտելով Սյունիքում նախընտրական քարոզարշավը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա