Radikal. Հայ և թուրք ուսանողները արձանագրություն են ստորագրել
Ըստ թուրքական «Ռադիքալ» (Radikal) լրատվական կայքի` հայ և թուրք ուսանողները ստորագրել են 3 կետից բաղկացած մի արձանագրություն` սկիզբ դնելով «Թուրքիա-Հայաստան ուսանողական նախաձեռնությանը»: Սրանով նախատեսվում է Հայաստանի և Թուրքիայի համալսարանների ուսանողների միջև հասարակական երկխոսություն սկսել` իրականացնելով ուսանողների փոխանակման ծրագրեր:
Ծրագրի շրջանակներում 5 հայ ուսանողներ մեկնել են Թուրքիա և Ստամբուլի Գալաթասարայ համալսարանում մասնակցել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկմանը:
Ըստ պարբերականի` վերոնշյալ արձանագրության առանձնահատկություններից մեկը Թուրքիայի և Հայաստանի միջև հասարակական երկխոսություն հաստատելու համար 3-րդ երկրից կախում չունենալն է: Նախագծի համակարգողներից Էլիֆ Շահինն ասել է, որ իրենց այս նախաձեռնությունը բոլորի կողմից ջերմորեն է ընդունվում, իսկ Պոլսի հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նույնիսկ զանգահարել է իրենց, շնորհավորել նախաձեռնության համար և ասել. «Հայաստանի հետ առկա խնդիրները միայն ուսանողների կողմից կարող են լուծվել»: