Հայաստանցի պատգամավորը Արցախի ժողովրդի կրթության հարցով ԵԽԽՎ-ին առաջարկ է ներկայացրել
ԵԽԽՎ այսօրվ նիստում Ռուսաստան-Վրաստան հակամարտության հետևանքով հումանիտար իրավիճակի վերաբերյալ զեկույցից հետո տեղի ունեցած ազատ քննարկումների համար հերթագրված հայաստանցի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ելույթի հերթ չհասավ: Սակայն ինչպես Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատգամավորը, ինքը ԵԽԽՎ քարտուղարությանն է հանձնել իր ելույթը: Դրանով նա ԵԽԽՎ-ին առաջարկում է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի չճանաչված պետությունների և մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կրթական իրավունքով:
«Հիմք ընդունելով UNESCO-ի կողմից 1960թ. դեկտեմբերի 14-ին ընդունված՝ կրթական ոլորտում խտրականությունների դեմ կոնվենցիան, մեկ անգամ ևս կուզենայի ձեր ուշադրությունը հրավիրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության առջև ծառացած կրթական որակավորման չճանաչվածության խնդրին՝ ակնկալելով այս հարցի տրամաբանական լուծումը։ Լեռնային Ղարաբաղում ապրող մասնագետները, ուսանողներն ու աշակերտները զրկված են միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքից:
Իհարկե, Լեռնային Ղարաբաղի իշխանությունները գործադրել են լրջագույն ջանքեր՝ իրենց քաղաքացիների համար ստեղծելով նպաստավոր պայմաններ կրթական իրավունքի լիարժեք իրագործման համար: Ավելի քան 143 հազար բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղում գործում է 219 դպրոց, 6 միջին մասնագիտական և 5 բարձրագույն ուսումնական հաստատություն: Սակայն ԼՂՀ-ում բնակվող մարդկանց համար ԼՂՀ սահմաններից դուրս մշտապես առաջանում են անլուծելի խնդիրներ և խոչընդոտներ:
Մասնավորապես`
• Կրթական ավարտական վկայականների չճանաչվածությունը հետագա մասնագիտական զարգացման լուրջ խոչընդոտներ է առաջացնում ԼՂՀ բուհերում սովորող ավելի քան 6 հազար ուսանողների համար:
• ԼՂՀ ուսանողները դուրս են մնում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքից, չեն օգտվում Բոլոնիայի գործընթացով երաշխավորված ծրագրերից:
• ԼՂՀ-ի բնակիչները զրկված են մարդու կարևոր իրավունքներից մեկից` կրթության իրավունքի լիարժեք իրագործումից:
Մինչդեռ, UNESCO-ի կոնվենցիայի առանցքային դրույթներից մեկը մարդու կրթության իրավունքն է՝ անկախ նրանից, թե որտեղ է նա բնակվում։ Ուստի, ես ակնկալում եմ Եվրոպայի Խորհրդի աջակցությունը այս հարցի լուծման ուղղությամբ:
Անդրադառնալով չճանաչված պետությունների բնակչությանը կրթական ծրագրերում ներգրավելու և կրթական գործընթացին մասնակից դարձնելու հարցին` առաջարկում եմ մեր Վեհաժողովում ստեղծել աշխատանքային խումբ՝ այս հարցի ուսումնասիրման և լուծման ուղիներ գտնելու համար», -այսպես դիմել է Զոհրաբյանը ԵԽԽՎ նախագահությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան