«Ներկայացված զեկույցից նավթադոլարի հոտ է փչում». Զոհրաբյանը` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցի մասին
ԵԽ-ի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների մասին ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Պեդրո Ագրամունտի և Գրեշի զեկույցը բազմաթիվ հարցեր է առաջացրել ոչ միայն մեր` ԵԽԽՎ պատգամավորների մոտ, այլ հենց Ադրբեջանի հանրության, քաղաքացիական հասարակության շրջանում: Այդ մասին այսօր ԵԽԽՎ նիստում Ադրբեջանի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը, Ստրասբուրգից հայտնում է Panorama.am-ի թղթակիցը:
Նրա խոսքով, հարցեր են առաջացել մի քանի քաղաքացիական ակտիվիստների շրջանում, որոնց դեռևս «ալիևյան կլանը չի կարողացել կաշառել, չի դարձրել պալատական ընդդիմախոսներ»:
«Ադրբեջանցի հայտնի հասարակական գործիչ, Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի գնահատմամբ, Ագրամունտի և Գրեշի այս զեկույցը, կարծես թե, գրվել է Ալիևի աշխատակազմում: Եվ պատճառը, ըստ ադրբեջանցի գործչի, այն է, որ համազեկուցողները կաշառվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս պնդումը անում են ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստները: Ըստ տիկին Յունուսի, համազեկուցողներն ուղղակիորեն արհամարհել են Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ խախտումների, իշխանության մաֆիոզ կառուցվածքի, մամուլի ազատության դեմ ճնշումների, քաղաքացիների ահաբեկման, ընդդիմախոսների հետ հաշվեհարդարների բազմակի դեպքերը, որոնք վերջիններս ներկայացրել են համազեկուցողներին:
Մասնավորապես, զեկույցից դուրս են մնացել այնպիսի աղաղակող դեպքեր, ինչպես Նախիջևանում կտտանքներից մահացած Տուրադ Զեյնալովի դեպքը, ընդդիմադիր ակտիվիստ Զեյնալ Բագիրզադեի և «Հայալե» հեռուստաընկերության երկու լրագրողների նկատմամբ իրականացված կտտանքները: Զեկույցից դուրս են մնացել նաև բազմաթիվ լրագրողների նկատմամբ ծեծի, բռնության և հետապնդման փաստերը», -հայտարարեց տիկին Զոհրաբյանը:
Նա հայտարարեց, որ Ադրբեջանի 38 հասարակական կազմակերպություններ նամակ են հղել ԵԽԽՎ-ին` պահանջելով հստակ վերաբերմունք արտահայտել Ագրամունտի և Գրեշի հանդեպ, «որոնցից առաջինն, ի դեպ, իր պատվավոր տեղն ունի «Ադրբեջանի խավիարակիրների» ցուցակում»:
«Իսկ ինչ վերաբերում է այնպիսի զգայուն խնդրին, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հարցն է, ապա Ագրամունտն ու Գրեշը այստեղ ևս աչքի են ընկել խայտառակ նորարարությամբ` փորձելով խմբագրել միջազգային իրավունքի ընդունված նորմերը, հակամարտության կարգավորման հարցում միջազգային մանդատ ունեցող կազմակերպության գնահատականներն ու եզրահանգումները: Ինչեր ասես չեն արել համազեկուցողները հանուն ալիևյան կլանի համարժեք վերաբերմունքի: Ուստի պատահական չէ, որ հայկական պատվիրակության որևէ առաջարկ, որը մենք ներկայացրել էինք բացառապես Լեռնային Ղարաբաղի մասով, համազեկուցողների կողմից չի ընդունվել: Դա երևի թե չի մտել խայտառակ գործարքի գնի մեջ: Հարգելի գործընկերներ, իրապես սթափվելու ժամանակն է: Ակնհայտ է, որ ներկայացված զեկույցից նավթադոլարի հոտ է փչում: Նման զեկույցները հեղինակազրկում են մեր կառույցը: Կառույց, որի գերագույն նպատակը պետք է լիներ արդարությունն ու ճշմարտությունը, այլ ոչ թե արդարության ու ճշմարտության անարգումը£ և մի բարեկամական հիշեցում Ադրբեջանի խավիարակիրներին: Խավիարի գերդոզան վնաս է առողջությանը: Մտածեք գոնե այդ մասին, եթե ձեր հեղինակությունը ձեզ համար այլևս ոչինչ է»,- դիմելով եվրոպացի խորհրդարանականներին` հայտարարեց Զոհրաբյանը:
Նշենք, որ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի զեկույցը վերաբերում էր ԵԽ-ի առջևստանձնած Ադրբեջանի պարտավորությունների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին