ԵԽԽՎ պատգամավորին Բաքվում թույլ չեն տվել լուսանկարվել, մինչև...
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունվարի 23-ին Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների քննարկումը առիթ էր, որ շվեդ պատգամավոր տիկին Փոուրբեյքս-Լունդինը (Pourbaix-Lundin) բարձրաձայնի Բաքվում իր հետ կատարվածի մասին:
«Բաքվում եղած ժամանակ փողոցներով զբոսնելիս, հյուրանոցի շրջակայքում նկարվելիս ինձ էին մոտենում ոստիկաններ և հարցնում ինչու եք նկարվում ու փորձում էին ձեռքիցս վերցնել լուսանկարչական ապարատը: Մինչև ես նրանց ցույց չտվեցի իմ դիվանագիտական անձնագիրը, նրանք ինձանից չհեռացան: Բայց նրանք կարող էին ինձ ձերբակալել նկարվելու համար: Ահա դա էլ ցույց է տալիս այդ պետությունում տիրող իրավիճակը», -զեկույցների շուրջ քննարկման ժամանակ պատմեց պատգամավորը, Ստրասբուրգից փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Այս ամենից հետո պատգամավորի համար տարօրինակ չէ այն, ինչ նշվում է զեկույցում. Լրագրողներ ու լուսանկարիչներ են ձերբակալվում, խոսքի ազատությունը չի պաշտպանվում: «Այդ երկրի իշխանությունների մոտ բացակայում է քաղաքական կամքը` կատարելու Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորությունները, որոնք պետք է կատարեին ԵԽ անդամ դառնալուն պես», -հայտարարեց պատգամավորը:
Մեկ այլ պատգամավոր ևս` շվեյցարացի պարոն Ռեյմանը (Reimannn) քննադատել է Իլհամ Ալիևի իշխանությանը. Նա մասնավորապես ներկայացրել է, որ շվեյցարական Դավոսում մեկնարկած տնտեսական համաշխարհային ֆորումի ժամանակ ադրբեջանի իշխանությունները մեծ տարածքներ են գնել գովազդ տեղադրելու համար, իսկ գովազդում նշվում է «Ադրբեջանը ապագայի երկիր է»: Այս գովազդը շվեյցարացի պատգամավորի համար տարօրինակ է ընկալվում Ադրբեջանի վերաբերյալ զեկույցների համատեքստում: «Մինչդեռ դրական կընկալվեր, եթե այդ երկրի իշխանությունները դադարեցնեին քաղաքական հետապնդումները: Այս հարցը պետք է Ադրբեջանը լուծեր և նոր միայն իրեն համարեր ապագայի երկիր», -հայտարարեց շվեյցարացի պատգամավորը:
Նշենք, որ Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի զեկույցը վերաբերում էր ԵԽ-ի առջև ստանձնած Ադրբեջանի պարտավորություններին: Իսկ Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցը ներկայացրել էր Քրիստոֆ Շտրեսերը (Գերմանիա):
Հասմիկ Համբարձումյան, Ստրասբուրգ