Ադրբեջանը կշարունակի մնալ ԵԽԽՎ մոնիտորինգի տակ
Հունվարի 23-ին ուշ գիշերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քվեարկությամբ որոշվեց մոնիտորինգի տակ պահել Ադրբեջանին: Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի զեկույցի հիման վրա ընդունված հայտարարությամբ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում «քայլեր ձեռնարկել ժողովորդավարական ինստիտուտների գործունեությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ»: ԵԽԽՎ-ն նաև ընդունած հայտարարությամբ մտահոգություն է հայտնում դատական համակարգում անկախության բացակայության առնչությամբ:
ԵԽԽՎ-ի ընդունած հայտարարության համաձայն, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ պետք է բարեփոխել, մասնավորապես դա կարող է վերաբերել ընտրական հանձնաժողովների ձևավորմանը, թեկնածուների գրանցմանը և այլն:
ԵԽԽՎ-ի մյուս մտահոգությունը վերաբերում է Ադրբեջանի խորհրդարանում բազմակարծության բացակայությանը: «Ադրբեջանի առավել հայտնի ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված չեն խորհրդարանում: Իշխող կուսակցությունը միակն է, որ կարողանում է քաղաքական խումբ ձևավորել և չկա որևէ երկխոսություն իշխող կուսակցության և երկրում մյուս ընդդիմադիր ուժերի միջև», -ասված է հայտարարության տեքստում:
Հետաքրքրություն է ներկայացնում նաև հիմնարար ազատությունների, խոսքի ազատ արտահայտման առումով իրավիճակը Ադրբեջանում: Վեհաժողովը ահազանգել է ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ այսպես կոչված «գործեր սարքելու» կապակցությամբ:
Նշենք, որ հայկական պատվիրակության անդամները ընդունելի չէին համարում Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի զեկույցները:
Ի տարբերություն այս համազեկուցողների, Ադրբեջանում քաղբանտարկյալների հետապնդման վերաբերյալ գերմանացի համազեկուցող Քրիստոֆ Շտրասսերի (Christoph Strasser) զեկույցի հիման վրա բանաձևի ընդունումը Վեհաժողովի պատգամավորների կողմից երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած քվեարկության ժամանակ մերժվեց: Հայաստանյան պատվիրակության անդամները կողմ էին այս բանաձևին. Ընդհանրապես բանաձևին կողմի են քվեարկել 79, դեմ 125, իսկ ձեռնպահ` 20 պատգամավորներ: Մասնավորապես զեկույցին դեմ արտահայտվողներից էին ռուսական պատվիրակության անդամները:
Քվեարկությունից հետո Շտրասսերը ասուլիսում հայտարարեց, որ ինքը ձախողել է և այս քվեարկությամբ իր առաքելությունն ավարտում է: «Այս քվեարկության արդյունքները ոչ միայն իմ խայտառակությունն են, այլ նաև Վեհաժողովի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի ու հենց Վեհաժողովի խայտառակությունն են: Չէ՞ որ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայությունը ակնհայտ փաստ է», -հայտարարեց համազեկուցողը` ցավ հայտնելով, որ իր զեկույցը, որտեղ մեկ առ մեկ նշված են բոլոր 85 քաղբանտարկյալների անունները, չի ընդունվել:
Նա ասուլիսում նաև անկեղծացավ` նշելով, որ իր աշխատանքի ընթացքում իրեն սպառնացել են, ուղարկել են սպառնալիքներով լի էլեկտրոնային նամակներ, անգամ այդպիսի նամակներ են ուղարկել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից:
Հասմիկ Համբարձումյան, Ստրասբուրգ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին