Միջազգային ԶԼՄ-ներ. Հեյդար Ալիևի` տարաձայնություններ առաջացրած արձանի ապամոնտաժման վերաբերյալ
«Global Post» -ը գրում է, որ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի` տարաձայնություններ առաջացրած արձանի ապամոնտաժումը դիվանագիտական սկանդալի պատճառ կարող է դառնալ. Ադրբեջանը սպառնում է արձանի ապամոնտաժման դեպքում դադարեցնել Մեքսիկայում ներդրումները:
«Բի-Բի-Սի» լրատվական գործակալության փոխանցմամբ, խնդիրը կայանում է նրանում, որ Ադրբեջանը 5 միլիոն դոլարի չափով նվիրատվություն էր խոստացել՝ բարեկարգելու համար այն այգին, որտեղ պետք է կանգնեցվեր և այժմ արդեն տեղադրված է Հեյդար Ալիևի արձանը, իսկ ապամոնտաժման մասին խոսակցությունների ֆոնին Ադրբեջանը սպառնում է դադարեցնել ներդրումները: Ի դեպ, «Fox News»-ի փոխանցմամբ, Ադրբեջանն արդեն իսկ, խոստացված 5 միլիոնից կատարել է 4 միլիոն դոլարի չափով ներդրում:
«Independent» -ը գրում է, որ Մեխիկոյի կենտրոնում կան մի շարք քաղաքական գործիչների արձաններ, որոնց թվում են Չերչիլինն ու Գանդիինը: Նրանց արձանների կողքին տեղադրված է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը, ում ղեկավարման օրոք մարդու իրավունքները ոտնահարվում էին, իսկ նրա ղեկավարման տարիներին կոռուպցիան համատարած էր:
«ABC» լրատվական գործակալության փոխանցմամբ, Մեխիկոյի քաղաքապետ Միգել Անխել Մանսերան հայտարարել է, որ Մեքսիկայի մայրաքաղաքի հիմնական պողոտայից հեռացվելու է Ադրբեջանի նախկին նախագահի` Հեյդար Ալիևի բրոնզե արձանը: Աղբյուրի փոխանցմամբ, Մանսերան նշել է, որ ստալինյան ոճի Հեյդար Ալիևի արձանը տեղափոխվելու է այլ վայր:
«The Associated Press»-ը նշում է, որ արձանի նոր վայրի վերաբերյալ որոշում կկայացվի այս շաբաթ: