Միջազգային հանրության հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ բավականին բարձր է
Տեղեկացնելով, որ ԿԸՀ-ն որպես ընտրությունների դիտորդ արդեն 11 կազմակերպություն է գրանցել, որոնցից 6-ը տեղական կազմակերպություններն են և 5-ը միջազգային` «Голос Армении»-ն գրում է, սա փաստում է այն մասին, որ չնայած ընդդիմության հայտարարություններին, թե այս ընտրությունները մրցունակ չեն և դրանց արդյունքը նախապես պարզ է` հանրության ուշադրությունն ու հետաքրքրությունն ընտրությունների նկատմամբ չի մարում: Արտերկրյա դիտորդները մեծ նշանակություն են տալիս փետրվարյան ընտրություններին և այդքան էլ մտահոգված չեն այն փաստով, որ որոշ քաղաքական ուժեր էպիկենտրոնից դուրս են մնացել:
Թերթը չի բացառում, որ իրենց զեկույցներում միջազգային կազմակերպությունները կանդրադառնան ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի չմասնակցությանը, սակայն միայն նրա համար, որպեսզի փաստեն, որ վերոնշյալ կուսակցությունների չմասնակցությունը բոյկոտ չէ: Անդրադառնալով թեկնածուների հայտարարություններին, մասնավորապես, Ր. Հովհաննիսյանի կողմնակիցների այն հայտարարությանը, թե վերջինս կարող է հաղթել գործող նախագահ Սերժ Սարգսյանին` «ГА»-ն նկատում է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ր. Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցությունը հազիվ կարողացավ հաղթահարել 5%-ի շեմը: Թերթը նաև նշում է, որ Սերժ Սարգսյանի հիմնական մրցակիցը լինելու պայքարը ծավալվել է Ր. Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի միջև: Առաջադրվելու պատճառով ՀԱԿ-ը Բագրատյանին անվանել է դավաճան: