Սահուն հեղաշրջումներ ՀԱԿ-ում
«Հրապարակը» գրել է. «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունում սկսված խմորումները, պարզվում է, սահուն հեղաշրջման միակ փորձը չեն ՀԱԿ-ում: Խորհրդարանական ընտրությունների շեմին նման խմորումներ են ընթացել նաև «Հանրապետություն» կուսակցությունում, որտեղից փորձ էր արվել Գագիկ Ջհանգիրյանի օգնությամբ պոկել Սմբատ Այվազյանին` վերջինիս առաջարկելով անցողիկ տեղ ՀԱԿ համամասնական ցուցակում, սակայն Սմբատ Այվազյանը, խուսափելով դրանից, գնացել էր Մոսկվա: Իսկ երբ Արամ Սարգսյանը ՀԱԿ-ից դուրս գալու հայտարարություն էր արել, ՀԱԿ-ում որոշել էին, որ Սմբատ Այվազյանն արդեն կարող է «վերցնել» կուսակցությունը, այս անգամ էլ «Հանրապետություն» կուսակցության անդամ Վահան Վարդապետյանին էին կանչել օգնության: Սակայն դա էլ հաջողություն չունեցավ: Ու թե հիմա Լևոն Զուրաբյանի թևը կարողանա ԺՀԿ-ում «պերեվարոտ» իրականացնել` կուսակցությունը վերցնելով Պետրոս Մակեյանի ձեռքից, ապա կարելի է ասել, որ ՀԱԿ «իրավաժառանգորդ օպերացիան» նույնպես բարեհաջող ավարտ կունենա` ՀԱԿ-ը մոնոլիտ, գուցե նաև կուսակցություն դարձնելու ճանապարհին, որից հետո արդեն ցանկալի մարդուն դրա գլխին կարգելը դյուրին կլինի: Սակայն, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Մակեյանն առայժմ մեծամասնություն ունի 19 հոգանոց ԺՀ քաղխորհրդում»: