«ԻՌՆԱ». ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը մեծ կարևորություն է տալիս
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացմանը մեծ կարևորություն է տալիս:
Այդ մասին հաղորդում է Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:
Իրանական աղբյուրը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Մեղրիում ունեցած ելույթում Իրանին վերաբերող հատվածին, նշել է, որ Հայաստանի նախագահը շեշտել է, որ առաջիկա տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շանքերը շարունակական են լինելու:
«Հայաստանի նախագահը Մեղրիում խոսել է նաև երկու խոշորամասշտաբ ծրագրերի՝ «Հայաստան-Իրան» երկաթուղու և «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին, նշելով, որ երկու ծրագրերն էլ տնտեսապես շահավետ են՝ կապելով Հայաստանն արտաքին աշխարհին»,-նշում է իրանական աղբյուրը:
Նշենք, որ գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում Իրանին առնչվող հատվածում նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը լինելու է Հայաստանի արտաքին քաղաքականության մշտական ուշադրության կենտրոնում:
Շարունակվելու է էներգիայի վերականգնվող աղբյուրների և այլընտրանքային էներգետիկայի նպատակային զարգացմանը միտված քաղաքականություն: Ավարտին է հասցվելու Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման օդային գիծը: