Թ. Մանասերյան. Շահեկանորեն առանձնանում են Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրային դրույթները
«Տնտեսության զարգացումը պայմանավորված է երկու հանգամանքով` տնտեսական անվտանգության ապահովման խնդիրներով, մյուսը` մրցունակության ապահովման: Առաջին մասով, կարծում եմ, շատ ավելի հստակ հիմնադրույթներ իր մեջ պարունակում է գործող նախագահի տնտեսական ծրագիրը, որը, չնայած մեծ քանակությամբ թվային տվյալներ իր մեջ չի պարունակում, այնուամենայնիվ հստակ սկզբունքներ է ներառում, որոնք ուղղված են տնտեսական սպառնալիքների վերացմանը»,- մեկնաբանելով նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի տնտեսական հատվածները, Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Այնուհետև, շարունակելով համեմատություն անցկացնել նշված դրույթների միջև, բանախոսն ասաց, որ մյուս թեկնածուների մոտ իհարկե կան որոշ բաղադրիչներ, սակայն կան նաև անիրատեսական հիմնադրույթներ. «Մասնավորապես, Հրանտ Բագրատյանի ծրագրում կան թվեր, որոնց իրագործման պարագայում մեծ դժվարություններ կառաջանան: Եթե այս պահին նվազագույն աշխատավարձերը, կենսաթոշակները կրկնակի բարձրացնելու մասին խոստումն իրականություն դառնա, կարծում եմ, որ Բագրատյանը պարզապես ի վիճակի չի լինի այդ խոստումը պահել»:
Տնտեսագետի համոզմամբ` վիրահատական քայլերով հնարավոր չէ ազգային կապիտալը ցնցումներից զերծ պահել:
Նա նաև նշեց, որ Հ. Բագրատյանի ծրագրի հիմքում դրված թիրախները նորություն չեն և իրենց հետազոտություններում դրանց բազմիցս անդրադարձել են:
«Կարծում եմ, բավականին շահեկանորեն առանձնանում են Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկած ծրագրային դրույթները»,- անդրադառնալով Ր. Հովհաննիսյանի տնտեսական ծրագրին, ասաց Թ. Մանասերյանը, ապա որպես ծրագրի դրական կողմ, ընդգծեց, որ այնտեղ գյուղն առանձնանում է. «Շատ ճիշտ մոտեցում է: Գյուղատնտեսությունն ու ագրարային քաղաքականությունը հատուկ մոտեցումներ են պահանջում»:
«Հարց է առաջանում` ո՞վ էր խանգարում Հ. Բագրատյանին տարիների ընթացքում զարգացնել, այլ ոչ թե կործանել Հայաստանի տնտեսությունը, հատկապես գյուղատնտեսությունը` անհեռատես ագրարային քաղաքականությամբ և այն ռեֆորմով, որը մենք անվանում ենք հողի սեփականաշնորհում: Այսինքն` մասնատվածութուն, որը թույլ չտվեց զարգացնել տնտեսությունը»,- ասաց Թ. Մանասերյանը և հավելեց. «Այստեղ շատ կարևոր է նայել ոչ միայն ծրագրին, այլև ծրագիրն իրականացնողի հետագծին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա