Նախագահական ընտրություններ- 2013. ԵԱՀԿ-ն հրապարակել է առաջին միջանկյալ զեկույցը
ԵԱՀԿ-ն հրապարակել է 2013 թվականին փետրվարին 18-ին Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ առաջին միջանկյալ զեկույցը: Այն զետեղված է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Սահմանադրության դրույթների համաձայն 2012 թվականի դեկտեմբերի 8-ին ԿԸՀ-ն հայտարարել է, որ նշանակված նախագահական ընտրությունները կկայանան 2013 թվականի փետրվարի 18-ին։ ՀՀ Վարչապետի հրավերի հիման վրա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Ընտրությունների դիտորդական առաքելությունը (ԸԴԱ) սկսել է իր աշխատանքները հունվարի 10-ին։ ԸԴԱ-ն, տիկին դեսպան Հայդի Թալիավինիի ղեկավարությամբ, բաղկացած է հիմնական անձնակազմում ընդգրկված 13 անդամներից և հանրապետության 10 մարզերում հունվարի 16-ին տեղաբաշխված 24 երկարաժամկետ դիտորդներից։ ԸԴԱ-ի անդամները ներկայացնում են 21 ԵԱՀԿ մասնակից պետություններ: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հայցելու է ԵԱՀԿ անդամ երկրներից 250 կարճաժամկետ դիտորդներ՝ քվեարկության ընթացքը, ձայների հաշվման գործընթացը և քվեարկության արդյունքների աղյուսակավորումը դիտարկելու նպատակով»,- նշված է զեկույցում։
Զեկույցի նախապատմություն բաժնում հիշեցվում է, որ վերջին խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել 2012 թվականի մայիսին.
«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն դիտարկել է 2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունները և իր վերջնական զեկույցում եզրակացրել, որ ընտրությունները «բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով»:
«Խորհրդարանական ընտրություններից հետո Հանրապետության Նախագահի կարգադրությամբ ստեղծվել է կառավարության ներկայացուցիչներից և այլ պետական պաշտոնյաներից բաղկացած աշխատանքային խումբ: Աշխատանքային խմբին հանձնարարվել է ուսումնասիրել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի վերջնական զեկույցում, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացրած այլ կազմակերպությունների ներկայացված առաջարկությունները և պատրաստել գործողությունների ծրագիր՝ նշված առաջարկություններն իրականացնելու համար։ Աշխատանքային խմբի գործունեության արդյունքները ներկայացվել են 2012 թվականի հոկտեմբերին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին, որն առաջարկել է զերծ մնալ օրենսդրության մեջ սկզբունքային փոփոխություններ կատարելուց առաջիկա ընտրությունների նախաշեմին»,- նշված է զեկույցում:
«Իրավական դաշտ և ընտրական համակարգ» բաժնում նշվում է, որ 2011 թվականի մայիսին, երբ ընդունվել է Ընտրական նոր օրենսգիրք, ընտրական իրավական դաշտը ենթարկվել է էական բարեփոխումների.
«Առաջիկա ընտրությունները առաջին նախագահական ընտրություններն են, որոնք անցկացվելու են նոր Օրենսգրքի համաձայն։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և Եվրախորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով Եվրոպական հանձնաժողովը (Վենետիկյան հանձնաժողով) գնահատել են Օրենսգիրքը որպես համապարփակ և ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հաստատուն հիմք։
Միևնույն ժամանակ, մինչ նոր Օրենսգիրքը անդրադառնում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Վենետիկյան հանձնաժողովի կողմից նախկինում արված մի շարք առաջարկությունների, Օրենսգրքում առկա են հատվածներ, որոնք դեռ բարելավման կարիք ունեն»:
Զեկույցի «Լրատվամիջոցներ» բաժնում նշվում է. «Հանրապետությունում գործում է 96 հեռուստաալիք՝ ներառյալ երկրի ամբողջ տարածքում հեռարձակվող 6 ալիք, 20 ռադիոընկերություններ, մոտավորապես 90 տպագիր մամուլ և բազմաթիվ առցանց լրատվամիջոցներ: Հեռուստատեսությունը տեղեկատվության ամենակարևոր աղբյուրն է, հատկապես Երևանից դուրս: Հանրային հեռուստատեսությունը՝ Հ1-ը, հասանելի է երկրի ամբողջ տարածքում և համարվում ամենաազդեցիկը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները