Էպոսագետ. Հացադուլը վարակ է
«Անդրիաս Ղուկասյանին հանդիպել եմ, մոտեցանք դանդաղ, փորձեցի պարզել դրդապատճառները, նա բացատրեց», - այսօրվա ասուլիսի ժամանակ ՀՀ Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը ներկայացրեց իր, կնոջ և թիմակիցների հետ, 3-րդ օրը հացադուլ անող նախագահ թեկնածու Անդրիաս Ղուկասյանին երեկվա այցելության մանրամասները:
Վարդան Սեդրակյանը նրան ասել է, թե հացադուլը ծայրահեղ քայլ է և խորհուրդ տվել դադարեցնել այն:
«Ես փորձեցի նրան հասկացնել, որ նրա գաղափարներն ավելի լուրջ ազդեցություն կթողնեն, եթե նա դուրս գա հացադուլից, բայց նա չհամաձայնեց», - մանրամասնեց նա:
Ի պատասխան լրագրողների հարցին, թե արդյոք հնարավոր է, որ միանա Անդրիաս Ղուկասյան, Արամ Հարությունյանին ու Պարույր Հայրիկյանին, էպոսագետը պատասխանեց, որ հացադուլի մեթոդիկան դարձել է հիվանդության նման: «Սա վարակ է, Րաֆֆի Հովհաննիսյանը կմիանա հաստատ, Բագրատյանը՝ դժվար է ասել, ես վախենում եմ, որ նախագահը չնստի հացադուլի: Իսկ ես այնքան հեռու եմ տենց բաներից, ֆիզիկապես և գաղափարապես անհնար է, այդքան կամքի ուժ չունեմ», - ասաց նա:
Բանախոսը նաև դժգոհություն հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի վերջին հարցումների արդյունքներից: Նրա կարծիքով՝ դրանք կեղծ են, քանի որ «այլ կայքերում» արված հարցումների արդյունքների համաձայն, նախագահի թեկնածուներից ինքն է առաջատարը: Ըստ էպոսագետի՝ այդ հարցումներում երկրորդ տեղը զբաղեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանը: