Տ. Ուրիխանյան. Մենք չենք հսկելու, թե ով ինչպես է անցկացնում իր քարոզարշավը
««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի ընտրական գործընթացների նկատմամբ հետաքրքրություն: Թեև քաղաքական հետաքրքրություն չունի, բայց գործընթացի առումով հետաքրքրություն ունի, հանձնաժողովի անդամները գործադրելու են բոլոր ջանքերը, որպեսզի քվեն արդյունքի տեսքով արտաբերվի»,- անդրադառնալով տեղական ընտրական հանձնաժողովներում ԲՀԿ-ական անդամների գործունեությանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, բացառելով հանձնաժողովներում ԲՀԿ-ին պատկանող տեղերը մեկ այլ քաղաքական ուժին փոխանցելու հնարավորությունը:
Պատասխանելով հարցին, թե` արդյո՞ք ԲՀԿ-ի` թեկնածու չառաջադրելու պարագայում հանձնաժողովների ԲՀԿ-ական անդամները նույն արդյունավետությամբ կաշխատեն, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «ԲՀԿ-ի կադրերը փորձառություն ունեցող, հատուկ պատրաստություն անցած մարդիկ են և ինչ-ինչ շահագրգռվածությունից իրենց աշխատանքի որակը չի փոխում»:
Նա նշեց, որ կա հստակ հանձնարարություն, որ ընտրությունները պետք է լինեն որակյալ, մարդիկ պետք է խաբված չլինեն և իրենց քվեն տեսնեն` որպես արդյունք:
ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշեց, որ այս պահի դրությամբ կուսակցությունում դեռ կազմակերպչական հարցեր չեն քննարկվել և արդար ընտրություններ անցկացնելուն հետամուտ լինելու այլ միջոցների մասին ինքը չի կարող կոնկրետ ինչ-որ բան ասել:
Մեր դիտարկմանը, թե` ԲՀԿ-ի կողմից վերահսկողություն իրականացվելու է միայն ընտրությունների օրը, այլ ոչ թե ամբողջ նախընտրական շրջանում, զրուցակիցը նշեց. «Ընտրական գործընթացի կազմակերպիչներ գոյություն ունեն, առաջին հերթին` պետական կառույցն ու նրա ենթակառույցները: Պետք չէ ԲՀԿ-ին փորձել պարտադրել անել այն, ինչ պետք է անեն ուրիշները, ովքեր դրա համար ստանում են աշխատավարձ: Իսկ ԲՀԿ-ն իր կամավոր պատրաստակամության շրջանակներում կնպաստի ընտրությունների` որակյալ անցնելուն»:
«Մենք չենք պատրաստվում հսկել, թե ով ինչպես է անցկացնում իր քարոզարշավը: Այդ գործառույթը բավական լայն լիազորություններով տրված է այն մարդկանց, ովքեր դրա համար աշխատավարձ են ստանում»,- հավելեց Տ. Ուրիխանյանը: