Ռալֆ Յիրիկյան. Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում կայացել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը: Համառոտ ներկայացվել են Հայաստանի տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) զարգացման ոլորտում 2012թ.-ին երկու ընկերությունների համատեղ իրականացրած ծրագրերը, ինչպես նաև 2013 թ-ի ռազմավարությունը: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից:
ՏՀՏ ոլորտի զարգացում, միկրոէլեկտրոնիկայի ոլորտում շնորհալի երիտասարդների բացահայտում և խրախուսում, մրցունակ կադրերի պատրաստում և կառավարման որակի կատարելագործում. սրանք են համագործակցող կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հիմնական ուղղությունները:
ՏՀՏ ոլորտում մի շարք հեռանկարային ծրագրերի իրականացման համար, Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը միայն 2012թ.-ին ներդրել է ավելի քան 75 մլն. դրամ: Ընկերությունը շարունակում է անել հնարավորը` այդ հատվածի առաջընթացը երաշխավորելու համար:
Ըստ աղբյուրի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է, որ ՏՀՏ ոլորտի զարգացումը Հայաստանի տնտեսության առանցքային առաջնահերթություններից է, և որ ոլորտի ինքնաբավ և երկարաժամկետ զարգացում երաշխավորող նախաձեռնություններին աջակցությունը կնպաստի նաև հասարակության զարգացմանն ու համաշխարհային հարթակում Հայաստանի բարձր վարկանիշի ապահովմանը: Այս ուղղությամբ իրականացված կարևոր քայլերից մեկը ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատներին խրախուսելն է:
Վերջին երեք տարիներին ՎիվաՍել-ՄՏՍ-ը ֆինանսավորել է համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակը: Ծրագիրը կարևոր է ոչ միայն երկրում ՏՀՏ-ի հանդեպ երիտասարդների հետաքրքրությունը մեծացնելու և ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու, այլև աշխարհում Հայաստանի դրական վարկանիշն ամրապնդելու առումով:
Երկրի ապագան պայմանավորում է կրթությունը, հատկապես` երբ այն առանցքային դեր է խաղում մրցակցային առավելությունն ապահովելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գիտակցում է ստեղծագործական մտածելակերպի և նորարարական հմտությունների խթանմանն ուղղված ծրագրերի կարևորությունը: Երեք տարի շարունակ ստանձնելով «Սինոփսիս Արմենիա» ընկերության կազմակերպած` Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի միջազգային ամենամյա օլիմպիադայի գլխավոր հովանավորությունը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպաստել է այս հատվածի հետագա զարգացմանը, երիտասարդ, շնորհալի կադրերի բացահայտմանն ու ոլորտի հանդեպ երիտասարդ մասնագետների հետաքրքրության մեծացմանը: Վերջին յոթ տարվա ընթացքում օլիմպիադան վերաճել է միջազգային մրցույթի` 2012 թ.-ին ընդգրկելով 418 մասնակից 14 երկրից:
Նշանակալի է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը նաև ՏՀՏ ոլորտում կառավարման որակի բարձրացման գործում: Ընկերությունը հավատացած է, որ ոլորտի արդյունավետ կառավարումը մեր երկրի ապագա զարգացման առանցքային գործոններից է: Արդեն երկրորդ տարին ընկերությունն աջակցում է նաև «ՏՏ ոլորտում լավագույն մենեջեր» ամենամյա մրցանակի նախաձեռնությանը, որի նպատակը ՏՏ ոլորտում աշխատող հայ մենեջերների մասնագիտական որակի բարձրացումը, աշխատանքային գործընթացների կազմակերպման բարելավումն ու կառավարումն է: Նախագծի շնորհիվ, ՏՏ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների մենեջերներ հնարավորություն են ստանում որակավորման դասընթացներ անցնել աշխարհի լավագույն համալսարաններում:
ՏՀՏ մրցունակության մյուս նախապայմանը բարձր որակավորմամբ մրցունակ կադրերի առկայությունն է: Երկու տարի առաջ ստորագրած պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Սինոփսիս Արմենիա»-ն և «Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիա»-ն գործընկերության հեռանկարային ծրագիր սկսեցին`Հայաստանում կապի միջոցների միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ասպարեզում կրթությունը խթանելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում բացվեց ուսումնական 2 լաբորատորիա, իսկ «Սինոփսիս Արմենիան» անվճար հիմունքներով տրամադրեց էլեկտրոնային ավտոմատ նախագծման ուսումնական փաթեթի հավաստագրեր:
«Բիզնեսը չպետք է ինքն իրեն մեկուսացնի հասարակությունից: Գործարարը պետք է ունենա հասարակության անբաժանելի մաս կազմելու`կորպորատիվ քաղաքացի լինելու զգացողությունը: Կորպորատիվ քաղաքացի, որի պարտականությունները չպետք է սահմանափակվեն պարզապես հարկերի պարտաճանաչ վճարմամբ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ բիզնեսը պետք է երկարաժամկետ զարգացման ծրագրերով աջակցի հասարակության բարեկեցությանը` նպաստելով տնտեսության այն ճյուղերի առաջխաղացմանը, որոնք, վերջին հաշվով, հանգեցնում են կյանքի որակի բարելավմանը: Գաղտնիք չէ, որ կիրառական գիտությունների զարգացումն այլընտրանք չունի սակավ և անվերականգնելի բնական պաշարներ ունեցող Հայաստանում», - նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Հաջողակ բիզնես գործունեությունը պարտավորեցնում է, որ բիզնեսն իր գործունեության արդյունքը կիսի հասարակության հետ, աջակցի երկրի երիտասարդությանն իր ստեղծագործական պրպտումներում և հայրենիքում կայանալու ձգտումներում: Եվ, որ առավել կարևոր է` մեզանից յուրաքանչյուրը`թե՛ իբրև անհատ, և թե՛ իբրև կոմերցիոն կազմակերպության ներկայացուցիչ, կարող է և պետք է իր նպաստը բերի մեր թիվ մեկ խնդրի` աշխատանքային միգրացիայի և «ուղեղների արտահոսքի», հաղթահարման գործում», - ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
«Սինոփսիս»-ը մնում է հավատարիմ իր այն համոզմունքին, որ նշանակալի արդյունքների կարելի է հասնել միայն պետության, բիզնես ոլորտի և համալսարանների միջև շարունակական արդյունավետ համագործակցության դեպքում», - ասել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: «Արդեն երկար տարիներ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը մնում է մեր նվիրված գործընկերը՝ ֆինանսական աջակցություն ցուցաբերելով ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված մեր համատեղ երկարաժամկետ ծրագրերին: Մենք բարձր ենք գնահատում այս համագործակցությունը ոչ միայն այն պատճառով, որ դա ուղղակիորեն աջակցում է գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, այլ նաեւ այն պատճառով, որ այն նպաստում է մեր երկրում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթի ձեւավորմանը»:
Գիտական ներուժի բացահայտման և հնարավորությունների կատարելագործման միջոցով երկրի տնտեսությունը զարգացնելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի ռազմավարությունը շարունակվելու է նաև 2013 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան