Վճռաբեկ դատարանը վերադարձրել է ՀԱԿ ակտիվիստների բողոքը` թերի լինելու պատճառաբանությամբ
Հայաստանի Վճռաբեկ դատարանը վերադարձրել է Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի վճռաբեկ բողոքները` դրանց թերի լինելու պատճառով: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ Դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
«Բողոքում ներկայացվում է զուգահեռ երկու պնդում։ Առաջինը, որ նշանակված պատիժը խիստ է, երկրորդը, որ անմեղ են և պետք է արդարացվեն։ Դրա հետևանքով Վճռաբեկ դատարանի համար անհասկանալի է մնացել, թե բողոքաբերն ինչ է պահանջում՝ արդարացնե՞լ, թե՞ մեղմ պատիժ նշանակել։ Այս հարցերը հստակեցնելու և կրկին բողոք բերելու համար Վճռաբեկը սահմանել է քսան օրյա ժամկետ», փոխանցեց Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների բողոքները` օրինական ուժի մեջ թողնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա, Արտակ Կարապետյանը՝ 3 տարվա, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը՝ 2-ական տարվա ազատազրկման: