Ում ինչ է հասնելու ընտրություններից հետո
«Հրապարակը» գրում է, որ ընտրությունները դեռ չավարտված՝ ՀՀԿ-ում արդեն իսկ քննարկում են, թե ով ինչ պաշտոն է ստանալու ընտրություններից հետո, ում ուր են տանելու: «Ընդ որում, այս պասաժն այնքան արդիական է դարձել ՀՀԿ-ի համար, որ առաջացրել է հին ու նոր գվարդիաների հակամարտություն: Հները՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ցանկանում են պնդացնել իրենց դիրքերը, որպեսզի 2018-ի «հսկիչ փաթեթն» իրենց ձեռքում լինի: Նորերն էլ անվերապահ հավատում են, որ հին գվարդիայի երգը երգված է, և «Ապահով Հայաստանի» ապագան իրենք են կերտելու, որովհետև, ի տարբերություն հների, որոնք պարտականություններ ունեն նաև «մնացյալ պապաների» հանդեպ, իրենք պարտական են միայն Սերժ Սարգսյանին: Հների համար ցանկալի կոնֆիգուրացիան հետևյալն է. Հովիկ Աբրահամյան՝ վարչապետ, Դավիթ Հարությունյան՝ ԱԺ նախագահ, Գագիկ Բեգլարյան՝ Երևանի քաղաքապետ, իսկ այ, Կարեն Կարապետյանի հարցը դեռ բաց է: Քանի որ հների մտքում եղած կոնֆիգուրացիան՝ Արթուր Բաղդասարյանը գնում է գլխավոր դատախազ, իսկ Կարեն Կարապետյանը դառնում է ԱԱԽ քարտուղար, անիրականանալի է տարբեր պատճառներով, ուստի դիտարկվում է նաև Կարեն Կարապետյանին հարմար վերպետական կառույցի ղեկավարի պաշտոնը: Խոսքը Մաքսային և Եվրասիական միության կողմից ապագայում ստեղծվելիք կառույցի հայաստանյան ներկայացուցչի մասին է: Այնուհանդերձ, մեր տեղեկություններով, ոչ հին և ոչ էլ նոր գվարդիային սպասվելիք խաղում մեծ դերակատարություն չի վերապահվելու: Ինչպես տեղեկացնում են մեր աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը որոշել է լրիվ նոր խաղացողներ մեջտեղ բերել»,- գրում է թերթը: