ԲՀԿ-ականները հերթով այցելում են ՀՀԿ շտաբ
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այս օրերին մի շարք նախկին բարձրաստիճան ԲՀԿ-ական պաշտոնյաներ, ինչպես նաև որոշ գործող ԲՀԿ-ական պատգամավորներ, այցելում են Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ: Ըստ թերթի` նախօրեին ՀՀԿ շտաբ է այցելել քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Վարդանյանը: Անցյալ շաբաթ ՀՀԿ շտաբ է այցելել նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, ով ևս ԲՀԿ քաղխորհրդի անդամ է: Երեկ Վարդան Վարդանյանին «ՀԺ»-ն հարցրել է, թե ինչո՞ւ է ՀՀԿ նախընտրական շտաբ այցելել, արդյո՞ք դա նշանակում է, որ նա ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանին, Վարդանյանը պատասխանել է. «Ես լրիվ ուրիշ հարցով էի գնացել, ու հարմար չի հիմա խոսելը»:
«Հարություն Քուշկյանից հարցի պատասխանն այդպես էլ չհաջողվեց ստանալ, նա խորհրդակցության էր, իսկ ավելի ուշ անհասանելի դարձավ: Հաշվի առնելով, որ այս օրերին պաշտոնապես ու ոչ պաշտոնապես պարզվում է, որ ԲՀԿ-ականները, չնայած կուսակցության պաշտոնական որոշմանը, սատարելու են Սերժ Սարգսյանին, ստացվում է, որ իրականում ԲՀԿ-ն իր գրեթե ողջ կազմով Սերժ Սարգսյանին է սատարելու»,- գրում է թերթը: