«Ժողովուրդ» թերթին դատի են տվել
«X գրուպ» ընկերության սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը` նույն ինքը` Ձվերի Խաչիկը, հունվարի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթի դեմ դատական հայց է ներկայացրել`պահանջելով իր ու «Երևանի թռչնաֆաբրիկայի պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորելու և վիրավորելու համար որպես փոխհատուցում վճարել 3 մլն դրամ: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, մասնակիորեն բավարարելով Խաչատրյանի կողմից ներկայացրած միջնորդությունները` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, որոշել է արգելանք դնել «Ժողովուրդ» օրաթերթի և լրագրող Ս. Գրիգորյանի գույքի վրա: Թերթի հիշեցմամբ` խոսքն այն գործարարի մասին է, որը վերջերս վիրավորել էր «Ժողովուրդ»-ի թղթակցին, ինչից հետո խմբագրությունը դիմել էր դատարան`պահանջելով ներողություն խնդրել: