Ձայների 68,6% կստանար նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, 20,8% Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ընտրություններն արդեն կայացած լինեին
Ի սկզբանե ունենալով բարձր ցուցանիշ՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանին, թվում է, օգնեց նաև քաղաքական հակառակորդների չառաջադրվելը, և նա պաշտոնական քարոզարշավը սկսում է 68,6% վավեր քվեներով: Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է հիմնական մրցակից և բազմապատկել իր համակիրների թիվը՝ համեմատած 2012-ի մայիսի խորհրդարանական ընտրությունների հետ: Եթե նախագահական ընտրությունները կայանային անցած շաբաթ, նա կհավաքեր 20,8% վավեր քվե: Միևնույն ժամանակ Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը ստացել են մոտ 5% վավեր քվե յուրաքանչյուրը, ութ թեկնածուներից մյուս չորսը մեծամասամբ անծանոթ են հարցվածներին և բոլորը միասին ստացել են վավեր քվեների 1,5%-ից պակաս:
Սա են վկայում «Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցման արդյունքները, որոնք բնութագրում են հայաստանցի ընտրողների տրամադրությունները, նախընտրությունները և մտադրությունները նախընտրական պաշտոնական քարոզարշավից անմիջապես առաջ:
«Պատկերը Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ» հարցումն իրականացրել է TNS opinion-ը տեղի գործընկեր «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի հետ միասին: Հարցումը պատվիրվել է Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ (ՀԵԲ) կազմակերպության (www.EuFoA.org) կողմից՝ ընտրություններին ընդառաջ փաստերի վրա հիմնված քննարկումներ խրախուսելու համար: Տվյալ հարցման դաշտային աշխատանքներն իրականացվել են 2013-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1607 դեմառդեմ հարցազրույցներ են անցկացվել Հայաստանի բոլոր մարզերի 18 տարեկան և բարձր բնակիչների շրջանում:
«Հարցումն իրականացվել է ամենաբարձր չափանիշներով, ամենաբարձր որակով և տվյալներն իրապես շատ վստահելի են: Կարծում եմ՝ առավել զարմացնող արդյունքն այն է, որ հարցվածների 69%-ը արդեն հաստատ որոշել է մասնակցել ընտրություններին: Սա ոգևորող անակնկալ էր այն դեպքում, երբ խորհրդարանական վեց ուժերից երեքը չառաջադրեցին կամ չաջակցեցին որևէ թեկնածուի: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ նշված ուժերի աջակիցներից գրեթե կեսը համարում են, որ դա սխալ որոշում էր, բայց ակնհայտորեն նրանց մեծ մասը, այդուամենայնիվ, լուրջ են վերաբերվում ընտրություններին և պատրաստվում են քվեարկել», - ասաց TNS opinion Բրյուսելի մեթոդների և վիճակագրության տնօրեն դոկտոր Սթիվ Շվարցերը:
Արդյունքների համաձայն, հարցվածների 53 տոկոսը հետաքրքրվում է քաղաքականությամբ, հեռուստատեսությունը շարունակում է մնալ քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուրը: Ինտերնետի դերը շարունակաբար աճում է, այն դեպքում, երբ տպագիր մամուլի դերը՝ նվազում: Հարցվածների 18 տոկոսն է կուսակցության անդամ: