Թեկնածուների նախընտրական ծրագրերը` համազգային լիդերի, այլընտրանքային կամ մտքի արտացոլանք
Նախագահական ընտրություններում նախագահի ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտական ծրագիրը «համազգային լիդերի» ծրագիր է, որի դրույթները, ընտրություններից հետո, պետք է կյանքի կոչվի: Թեկնածուի ծրագրին նման անվանում տվեց ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը: Նա ողջունեց բոլոր մյուս թեկնածուներին, ովքեր ներկայացրել են նախընտրական ծրագրեր, միաժամանակ ցավով արձանագրեց, որ որոշները թեև չունեն ծրագրեր, բայց անում են հայտարարություններ, որոնք կոռեկտ չեն:
Հ. Սահակյանը խոսելով քարոզարշավի ընթացքի մասին, նշեց, որ ամեն ինչ ըստ ծրագրի է ընթանում, նաև նկատեց, որ բոլոր թեկնածուների համար ստեղծված են հավասար հնարավորություններ:
Քննարկմանը ներկա «Ժառանգություն» կուսակցությունից Արմեն Մարտիրոսյանն էլ ներկայացրեց իրենց թեկնածուի` Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագիրը, այն անվանելով այլընտրանքային, որտեղ մեծ ուշադրություն է դարձված Հայաստանի տնտեսական կյանքին, մարդու իրավունքների պաշտպանությանը, արդարադատության համակարգին:
«Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական ծրագրում մանրամասն ներկայացված են արմատական բարեփոխումները` կառավարաման համակարգում, տնտեսության մեջ, ժողովրդավարական ինստիտուներում, որոնք կյանքի կոչվելու պարագայում Հայաստանի քաղաքացին արժանապատիվ ապրելու իրավունք կունենա իր երկրում»,- նշեց նա:
Հրանտ Բագրատյանի ներկայացուցիչ, գաղափարակից Սոս Գիմիշյանն էլ ասաց, որ ցանկացած թեկնածու կարող է ծրագիր գրել` լավ կամ վատ, փող տալ ու ծրագիր գրել տալ: «Հրանտ Բագրատյանի ծրագիրն իր աշխատանքի, փորձի, մտքի արտացոլումն է, ով մանրամասնորեն գիտի, որ խնդիրը ինչ մեխանիզմով պետք է լուծվի: Նախընտրական ծրագիրը չպետք է լինի ցանկությունների ծրագիր. սրանով էլ է տարբերվում»,- Հ. Բագրատյանի ծրագիրն այսպես գնահատեց Ս. Գիմիշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան