Այս տարի Պոլիտեխնիկը ավարտին կհասցնի առաջնահերթ ծրագրերից մեկը` «ԱՆԵԼ»-ը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) խորհրդի այս տարվա անդրանիկ նիստը: Այն կայացել է ՀՊՃՀ Խորհրդի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի նախագահությամբ և ՀՊՃՀ պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանի քարտուղարությամբ: Ինչպես տեղեկացնում են համալսարանի լրատվական ծառայությունից, համալսարանի 2012թ. գործունեության հիմնական արդյունքների վերաբերյալ հաշվետվության զեկույցով հանդես է եկել ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արա Ավետիսյանը:
Նա Խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հաշվետվությունը քննարկվել է ՀՊՃՀ Գիտական խորհրդի հունվարյան նիստում և երաշխավորվել ներկայացնելու համալսարանի խորհրդի քննարկմանն ու հաստատմանը: Մինչ հաշվետու տարվա բուն արդյունքներին անդրադառնալը` ռեկտորը Խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հաշվետվությունն առաջին անգամ կազմվել է նոր ձևաչափով, որի հիմքում ընկած է համալսարանի 2011-2015 թթ. ստրատեգիական պլանը: Այն կառուցվածքով ամբողջովին համապատասխանում է պլանի կառուցվածքին և նպատակներին, ինչպես նաև արտացոլում է զարգացման ռազմավարական ուղենիշներն ու գնահատման չափանիշները: Այնուհետև Ավետիսյանը հանգամանորեն անդրադարձել է ստրատեգիական պլանի 8 նպատակներին և դրանցից բխող խնդիրների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Պոլիտեխնիկի ուսանողական բավարար համակազմի ապահովմանը, Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ` բարձրորակ, արդյունավետ և արդիական կրթության կազմակերպմանը, ՀՊՃՀ նյութատեխնիկական բազայի կատարելագործմանը, գիտական ներուժի կայուն զարգացմանը, որակի ապահովման ներքին համակարգի և ենթակառուցվածքների ձևավորմանը, ինչպես նաև` համալսարանի արտաքին կապերի ամրապնդմանը և համալսարանի միջազգայնացման գործընթացի շարունակական լավարկմանը:
Իրականացված գործունեությունը Խորհուրդը գնահատել է դրական և միաձայն ընդունել է ՀՊՃՀ 2012թ. հաշվետվությունը: Միևնույն ժամանակ, ելնելով ռեկտորի ծավալուն հաշվետվության տրամաբանությունից և առաջարկություններից, Խորհուրդն իր որոշմամբ ամրագրել է 2013թ. օրացուցային տարում համալսարանի գործունեության առաջնահերթությունները: Այդ առաջնահերթությունների շարքում են դիվերսիֆիկացված ընդունելությունը, «Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիաներ (ԱՆԵԼ)» ծրագիրն ավարտին հասցնելը, համալսարանի արտաբյուջետային մուտքերի կառուցվածքի բարելավումը՝ գիտատեխնիկական համագործակցությամբ և տնտեսական պայմանագրերով նախատեսվող մուտքերի մասնաբաժինը մեծացնելու միտումով, համալսարանի պրոֆեսորադասախոսական ներուժի պահպանման ռեժիմից դրա փուլային զարգացման ռեժիմի անցումը, եվրոպական չափորոշիչներին համահունչ կրթական որակի ապահովմանը և մշտական բերելավմանն ուղղված ներհամալսարանական գործընթացների ու գործիքամիջոցների զարգացումը, ինչպես նաև միջազգային նորմերով առաջին անգամ իրականացվող ՀՊՃՀ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրումը հաջողությամբ ավարտին հասցնելը:
Օրակարգի երկրորդ հարցը նվիրված է եղել ՀՊՃՀ 2013թ. ֆինանսական եկամուտների և ծախսերի նախահաշիվներին, որը նույնպես նախապես քննարկվել և հավանության էր արժանացել բուհի Գիտական խորհրդում: Խորհուրդն այս մասով լսել է ռեկտորի զեկույցը և հաստատել ՀՊՃՀ 2013թ. եկամուտների նախահաշիվը (4.493.565,4 հազար դրամ) և ծախսերի նախահաշիվը (4.092.000.0 հազար դրամ):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա