Դավիթ Հարությունյանը ԵԽԽՎ համազեկուցողին մեղադրել է կեղծիքի մեջ
Համազեկուցողներ Պեդրո Ագրամունտի ու Ժոզեֆ Գրեշի ներկայացրած «Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարումը» խորագրով զեկույցը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստերի ընթացքում արժանացել է տարբեր պատվիրակների, այդ թվում նաև` հայկական պատվիրակության անդամների սուր քննադատությանը: Այս մասին գրում է «Առավոտը»:
Զեկույցն ի վերջո Վեհաժողովը մերժել է: Վեհաժողովի երեկվա նիստում հայկական պատվիրակության նախագահ Դավիթ Հարությունյանը հանդես է եկել անհատական հայտարարությամբ և Ագրամունտին մեղադրել ստախոսության մեջ: Դ. Հարությունյանը հայտարարել է. «Իր պնդումներն ավելի համոզիչ ներկայացնելու համար Ագրամունտը մանիպուլյացիաների է դիմել և խեղաթյուրել իմ փաստարկները, որոնք վերաբերում էին հակամարտության փաստական տվյալներին»:
Մանրամասնելով` Դ. Հարությունյանը հայտարարել է. «Պարոն Ագրամունտի գործողությունը կարող է համարվել կամ կանխամտածված կերպով ապակողմնորոշում Վեհաժողովին, կամ էլ նա ցանկանում էր հետագայում էլ ապացուցել իր լոյալությունը: Սարսափելի է, որ Վեհաժողովի անդամը, ավելին` Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողը դիմում է կեղծիքի: Պարոն Ագրամունտի հիշողությունը նրան դավաճանել է: Ես նրան խորհուրդ եմ տալիս վերանայել արձանագրությունը` համապատասխան հանձնաժողովի հետ»: