Հայաստանի և տարբեր երկրների էլեկտրաէներգիայի, բնական գազի ու բենզինի գների համեմատականը
Վրաստանում այս տարվա հունվարից նվազեցվել է բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 20 %-ով, ինչպես նաև խոստումներ է տրվել կառավարության կողմից նվազեցնել բնական գազի սակագները: Նախքան այդ Իվանիշվիլին կասկած էր հայտնել Վրաստանում գործող էլեկտրաէներգիայի, գազի սակագների և բենզինի ոչ արդարացի գնագոյացման մեխանիզմների մասին:
Մեր երկրում, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրներում հասարակությունը հաճախ է ուշադրության կենտրոնում պահում էլեկտրաէներգիայի ու գազի սակագների (գների) և բենզինի գների արդարացիությունը: Դա զարմանալի չէ, քանի որ նշված ապրանքների գները բնակչության համար ունեն կենսական և սոցիալ-տնտեսական մեծ նշանակություն, հատկապես ցածր եկամուտներ և գնողունակություն ունեցող երկրներում:
Համեմատելու համար ստորև կներկայացնենք Հայաստանում և մի շարք երկրներում բնակչությանը մատակարարվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սպառողական սակագների (գների), ինչպես նաև Premium բենզինի մանրածախ գները: Նշենք, որ աղյուսակում ներկայացված թվերը ամերիկյան դոլլարով են արտահայտված և առկա վիճակի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար են:
Ներկայացվող թվերի մի մասը միջինացված են` քանի որ, գազի և էլեկտրաէներգիայի սակագները հաճախ մեկ երկրի սահմաններում կախված արտադրական հզորությունների ու սպառողների տեղաբաշխվածությունից, սպառման ծավալ-ներից, օրվա ժամերից, տարվա եղանակներից ունեն գնային տարբեր միջակայքեր: Բացի այդ ամերիկյան դոլլարի և այլ արտաժույթների փոխարժեքների տատանումների պատճառով սակագները և գները դոլլարով արտահայտելիս, փոփոխվելու մեծ հաճախականություն են ցուցաբերում, թեև գազի և էլեկտրաէներգիայի սակագները կարգավորող մարմինների կողմից դրանք ոչ հաճախ են փոփոխվում:
Ինչպես օրինակ Հայաստանի պարագայում, որտեղ բնակչությանը մատակարարվող հազար մետր խոր. գազի սակագինը կազմում է 132 հազար դրամ, եթե 2011 թ.-ին դոլլարով արտահայտված գազի սակագինը կազմում էր 360 ամերիկյան դոլլար, ապա ներկա փոխարժեքով մոտ 325 ամերիկյան դոլլար: Կամ էլեկտրաէնեգիայի գինը, որը 2011 թ.-ի փոխարժեքով, եթե կազմում էր 8 ցենտ 1 կվտ-ժ համար, ապա ներկայիս փոխարժեքով կազմում է մոտ 7 ցենտ: Ներկայացվող տվյալների մի մասը վերցված են Europas Energy Portal և Eurostat-ի կայքերից:
Պետություն
|
Բնակչությանըմատակարարվողէլեկտրաէներգիայիգինը, ցենտ /կվտ-ժ, 2012-2013թ
|
Բնակչությանը մատակարարվողբն. գազի գինը,
$/ 1000 մխոր., 2012-2013թ
|
Պրեմիում, (Ай-95) բենզինիգները,
$/լիտր, 2012-2013թ
|
Հայաստան
|
7
|
325
|
1.25
|
Վրաստան
|
8-10
|
300-330
|
1.31
|
Ադրբեջան
|
7.6
|
125
|
0.81
|
Իրան
|
4
|
70
|
0.58
|
Թուրքիա
|
14
|
380
|
2.64
|
Ռուսաստան
|
7-10 (9.6 միջինը)
|
133
|
1.05
|
Ղազախստան
|
6
|
74
|
0.98
|
Ուկրաինա
|
3-4
|
462
|
1.24
|
ԱՄՆ
|
7-17 (12 միջինը )
|
390
|
1.03
|
Եվրամիություն, միջին
|
22
|
830
|
2.1
|
Էլեկտրաէներգիա: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը մեր հարևանների հետ համեմատած որոշակիորեն ցածր է, բացառությամբ Իրանի: Այն զգալիորեն զիջում է նաև Եվրամիության և ԱՄՆ-ի միջին գներին: Սակայն բարձր է ԱՊՀ մի շարք երկրների սակագներից՝ ինչպես օրինակ Ղազախստանի ու Ուկրաինայի սակագների համեմատ: Նշենք, որ Եվրամիությունում ամենաբարձր գինը Դանիայում է, որը կազմում է 40 ցենտ, իսկ ամենացածրը Բուլղարիայում, որը կազմում է 10 ցենտ 1 կվտ-ժ-ի համար: Չինաստանում այն տատանվում է 7-10 ցենտի միջակայքում:
Բնական գազ: Հայաստանում բնակչությանը մատակարարվող բնական գազի սակագինը բարձր է Ադրբեջանի և Իրանի համեմատ, որոնք տիրապետում են բնական գազի մեծ պաշարների, սակայն ցածր է քան Թուրքիայում: Այն զիջում է նաև Վրաստանի սակագներին, թեև Վրաստանը Ադրբեջանից գազը գնում է բավականին ցածր գներով՝ 145 դոլար հազար մետր խոր.-ի համար (ըստ որոշ աղբյուրների 120 դոլլար): Գազի սակագինը բավականին էժան է նաև Բելառուսում և Ռուսաստանում, ի տարբերություն Ուկրաինայի: Բելառուսում բնակչությանը մատակարարվող բնական գազի գինը կազմում է 40 դոլլար ջեռուցման սեզոնի և 100 դոլլար ամառային սեզոնի համար, իսկ արդյունաբերությանը տրամադրվում է 275 դոլլարով, թեև Ռուսաստանից գազը գնվում է 165 դոլլար հազար մետր խոր.-ի համար: Նշենք, որ Իրանում նույնպես գազը և էլեկտրաէներգիան սուբսիդավորվում է կառավարության կողմից: Եվրամիությունում ամենա-բարձր գներն ունի Շվեդիան, որը կազմում է 1520 ամերիկյան դոլլար հազար մետր խոր.-ի համար և Դանիան, որտեղ այն կազմում է 1400 դոլլար: Եվրամիությունում ամենացածր սակագները Ռումինիայում են` որը կազմում է 360 ամերիկյան դոլլար: Մոլդովայում բնական գազի սակագինը կազմում է մոտ 500 դոլլար:
Հարկ է նշել, որ բնակչությանը և արդյունաբերությանը մատակարարվող բնական գազի գները համարժեք չեն այն գների հետ, որը ներմուծվում է այդ երկրի տարածք (սահմանի գները): Մատակարարվող գազի վերջնական գների վրա մեծ չափով ազդում են տրանսպորտացման և բաշխման ծախսերը, սակայն վերջնական գնի մեջ զգալի մաս կարող է կազմել հարկերի տեսակարարար կշիռը: Գազի բարձր գինը կարող է պայմանավորված լինել պետության կողմից բարձր հարկերով, իսկ ցածր գինը՝ պետության կողմից սոցիալական ծախսերի աջակցությամբ, ինչպես օրինակ Իրանում կամ Թուրքմենստանում:
Բենզին: Եթե մեր հարևաններից Ադրբեջանում և Իրանում, որոնք հարուստ են նավթի պաշարներով և տիրապետում են նավթավերամշակման հզորությունների, բենզինի գները ավելի էժան են քան Հայաստանում, ապա Վրաստանում և Թուրքիայում դրանք ավելի թանկ են: Ավելացնենք, որ Եվրամիությունում ամենաթանկ բենզինը վաճառվում է Դանիայում, որը կազմում է 2.35 դոլլար 1 լիտրի համար: Ամենացածր գներով բենզին վաճառվում է Թուրքմենստանում, որը կազմում է 0.19 դոլլար, իսկ Վենեսուելայում, այն կազմում է 0.05 դոլլար:
Բենզինի գների վրա ազդում են սեզոնայնությունը, կուտակված վառելիքի պաշարների քանակը, տեղափոխման ծախսերը, դոլարի փոխարժեքի տատանումները, մատակարարման խափանումները և այլ բազմաթիվ գործոններ։ Սակայն վաճառվող բենզինի գնի մեջ բարձր է նաև հարկերի տեսակարար կշիռը, որը կարող է գերազանցել նույնիսկ բենզինի վրա կատարված բոլոր ծախսերի գումարին, ինչպես օրինակ Նորվեգիայում, Թուրքիայում, Հունաստանում, Նիդեռլանդներում և բազմաթիվ այլ երկրներում, որտեղ վերջնական գնի մեջ 50%-ից ավելին կազմում է տարբեր տեսակի հարկերի գումարը (մասնավորապես ԱԱՀ-ը, ակցիզային հարկը, ճանապարհի հարկը և այլն):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները