Ինչու են որոշ միջազգային դիտորդների հաճո Զուրաբյանի մտքերը
ՀՀ նախագահական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Կարին Ուոլդսետի այն հայտարարության կապակցությամբ, թե մտահոգիչ է այն փաստը, որ հիմնական քաղաքական ուժերը չեն մասնակցում ընտրություններին, քանի որ վստահություն չունեն ընտրական գործընթացի նկատմամբ, «Голос Армении»-ն գրում է. «Հետաքրքրական է այն փաստը, որ այդ հայտարարությունն արվել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի հետ Ուոլդսետի հանդիպման հենց հաջորդ օրը: Հայտնի չէ թե, ինչպես ասում են, «ինչ լապշա է Զուրաբյանը կախել Ուոլդսետի ականջներին», սակայն պարզ է մի բան, որ իր հայտարարության մեջ տիկին Ուոլդսետը հնչեցրել է հենց Լևոն Զուրաբյանի մտքերը»:
Միևնույն ժամանակ, առնվազն տարօրինակ է, որ արհամարհելով տվյալ քաղաքական ուժերի առաջնորդների պաշտոնական հայտարարությունները` Կարին Ուոլդսետը նախընտրել է Զուրաբյանի փաստարկները: Թերթը հիշեցնում է, որ թե´ Գագիկ Ծառուկյանը, թե´ Լևոն Տեր-Պետրոսյանն իրենց պաշտոնական հայտարարություններում անվստահություն չեն հայտնել ընտրական գործընթացների նկատմամբ: «Մի՞թե Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ Գագիկ Ծառուկյանին Եվրոպայում ընդամենը ասացին, որ նա «լավ մարդ է», իսկ լավ մարդ լինելը բավարար հիմք չէ նախագահ դառնալու համար, մի՞թե Սերժ Սարգսյանն է մեղավոր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն 68 տարեկան է և նպատակահարմար չի գտնում նախագահական ընտրապայքարի մեջ մտնել»,-նշում է «ГА»-ն:
Թերթը գրում է, որ ստեղծված իրավիճակում միջազգային դիտորդները ստիպված կլինեն ընդունել այն փաստը, որ ընտրություններն անցել են բարձր մակարդակով և ընտրված նախագահի լեգիտիմությունը կասկածից դուրս է, ինչի արդյունքում եվրոպական կառույցները Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու լծակ են կորցնում: Ըստ թերթի` հենց սա է պատճառը, որ զուրաբյանական մտքերը հաճո են որոշ դիտորդների: