Պաշտոնյաների որդիները չեն ուզում դատավոր դառնալ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին հրաժարվել է դատավոր դառնալու մտքից: Համենայնդեպս, հունվարի 17-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է դատավորի թեկնածու Նարեկ Հովսեփյանի դիմումը` դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ: Խորհուրդը որոշել է առաջարկով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ ցուցակով Նարեկի անունը հանվի:
Նույն օրը ԱԽ-ն քննել է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդու` Արտակ Հարությունյանի դիմումը` դարձյալ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ: Թե ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների տղաները հույսները կտրել դատավոր դառնալու հեռանկարից, «Ժողովուրդ»-ին առայժմ չի հաջողվել պարզել: Նրանք կամ առավել գայթակղիչ առաջարկ են ստացել, կամ քաղաքական իրավիճակը հուսադրող չէ: