Առաքել Միրզոյան. «Հպարտ եմ, որ ունենք հզոր բանակ»
Հայ ծանրորդ Առաքել Միրզոյանը, ով ներկա պահին ուսումնամարզական հավաքի շրջանակներում գտնվում է Աբովյան քաղաքում, ոչ միայն ծառայել է հայոց բանակում, այլև արժանացել է Վազգեն Սարգսյանի անվան մեդալի:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Առաքելը կիսվեց բանակային կյանքի հետ կապված հիշողություններով` շնորհավորելով բոլորին հայոց բանակի կազմավորման 21-րդ տարելիցի կապակցությամբ:
- Հայոց բանակում ծառայել եմ 2007-2009 թթ.` սպորտային վաշտում: Այստեղ կարող են իրենց ծառայությունն անցկացնել բոլոր այն մարզիկները, ովքեր Եվրոպայի և աշխարհի առաջնություններում գրավել են 1-6-րդ տեղերը: Այդ 2 տարիների ընթացքում իմ բարձր արդյունքների շնորհիվ հայոց բանակի 10 լավագույն մարզիկների մեջ ճանաչվել եմ առաջինը և Հայաստանի Պաշտպանության նախարարի կողմից արժանացել եմ Վազգեն Սարգսյանի անվան մեդալի:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել Պաշտպանության նախարարության ողջ անձնակազմին և հատկապես Սեյրան Օհանյանին, քանի որ մարզիկի համար շատ կարևոր է ծառայության հետ միասին նաև մարզվելը, իսկ մեր մարզիկներն ունեն նման հնարավորություն:
- Առաքել, ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշես ծառայության տարիներից:
- Ծառայությունն ինքնին հետաքրքիր է: Երբ հագնում ես զինվորական այդ հագուստը, կյանքը կարծես միանգամից փոխվում է և այդ պահից ի վեր սկսում ես շուրջդ նայել բոլորովին այլ աչքերով:Կոնկրետ դեպք հիշել չեմ կարող:
- Բանակային ընկերներիդ հանդիպու՞մ ես և ինչ ծրագրեր կան այսօրվա հետ կապված:
- Բանակային ընկերներիս, բնականաբար, հաճախ եմ տեսնում, քանի որ նրանք բոլորն էլ մարզիկներ են: Իսկ այսօրվա հետ կապված, ցավոք, հատուկ ծրագրեր չկան, քանի որ ներկա պահին ուսումնամարզական հավաքի շրջանակներում գտնվում եմ Աբովյան քաղաքում:
- Ի՞նչ կմաղթես հայոց բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ:
- Շնորհավորում եմ բոլորիս` հայոց բանակի կազմավորման 21-րդ տարելիցի կապակցությամբ: Ցանկանում եմ, որպեսզի միշտ լինենք ամուր և անկոտրում: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Ես հպարտ եմ, որ ունենք հզոր բանակ: