Տոնդ շնորհավոր` հայ զինվոր. «Մեր մեկ զինվորը հավասարազոր է թշնամու հինգ-տասը զինվորի»
1992թ. հունվարի 28-ին Հայաստանի կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը:
Այսօր Հայոց բանակն արդեն 21 տարեկան է: «Իհարկե, երիտասարդ է մեր բանակը, բայց շատ խոստումնալից. մեզ պաշտպանված ենք զգում, հանգիստ քնում ենք գիշերները, գիտենք, որ մեր տղաները, մեր պաշտպանները չեն թողնի, որ թշնամիները մուտք գործեն մեր սահմաններ: Իհարկե, բանակի ներսում կան թերություններ` սպանություններ, ինքնասպանություններ, ծեծկռտուք, բայց այսօր չեմ ուզում խոսել այդ մասին»,- Հայոց բանակի 21-րդ տարեդարձը շնորհավորեց ու իր հիացմունքը, միաժամանակ դժգոհությունը հայտնեց երևանցի 45-ամյա Մկրտիչ Կիրակոսյանը:
Երևանցիները հիացմունքով են արտահայտվում դժվարին պայմաններում կազմավորված Հայոց բանակի անցած ճանապարհի, ձեռքբերումների մասին, բայց բոլորն էլ ցավով նշում այն հանգամանքը, որ «հայ զինվոր է սպանվում հենց հայի ձեռքով»: «Այդ կորուստն ավելի ահավոր է: Ստվեր է գցում այն հաջողությունների վրա, որոնց հասել է մեր բանակը: Բայց, վստահ եմ, որ մեր մեկ զինվորը հավասարազոր է թշնամու հինգ-տասը զինվորի, ինչքան էլ որ նրանք զինված լինեն գերժամանակակից զինտեխնիկայով»,-ասաց քաղաքացի Խաչիկը:
ՊՆ պաշտոնական կայքի համաձայն, այսօր տոնի առիթով ՀՀ ՊՆ ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմն ու և ազատամարտիկներն այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, լինելու է պսակադրության արարողություն, ինչպես նաև տոնական համերգ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հայոց բանակն կարելի է բաժանել երեք փուլի: Առաջին. 1988-ի փետրվար-1992 թվականի մայիս, երբ ղարաբաղյան շարժման ակտիվացման և հայ-ադրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության ռազմական անվտանգության ապահովումը դարձավ ավելի քան հրատապ:
Երկրորդ. 1992 թվականի հունիս-1994 թվականի մայիս, երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ միասին գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հանրապետության հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև Ազգային բանակի ստեղծմանը:
Երրորդ. 1994 թվականի հունիսից մինչ օրս: Այս փուլը, կարելի է անվանել բանակաշինության, կայուն զարգացման, զորքերի մարտունակության բարձրացման, կարգապահության ամրապնդման, միջին և բարձր սպայական անձնակազմի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես նաև բանակ-հասարակություն հարաբերություններում առկա անջրպետի տարեցտարի վերացման փուլ, երբ հաստատված հրադադարից հետո երկրի իշխանություններն ու բանակի ղեկավարությունը հնարավորություն ստացան արդեն խաղաղ պայմաններում ջանքերը կենտրոնացնել բանակի, որպես ռազմապաշտպանական համակարգի, վերջնական ձևավորման, բոլոր անհրաժեշտ ստորաբաժանումներն ստեղծելու ու գործադրելու ուղղությամբ:
1991թ. դեկտեմբերի 5-ին, հանրապետության նախագահի հրամանագրով առաջին պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը:
1992թ.-ի մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները