ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ակտիվորեն ընդգրկված են քաղաքական գործընթացների մեջ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
Հայ ազգային կոնգրեսը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ակտիվորեն ընդգրկված են քաղաքական գործընթացների մեջ: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը: Նա ասաց, որ չի կարող ասել, թե ում ձայն կտան քաղաքական այդ ուժերը:
«Բայց կարող եմ ասել, որ երկու քաղաքական ուժերն էլ ներքին մակարդակով ակտիվորեն, եթե չասեմ ամբողջությամբ ընդգրկված են քաղաքական գործընթացների մեջ: Այսինքն՝ չմասնակցելը չի հաստատվում փաստերով», -հավելեց նախագահի թեկնածուն:
Նշենք, որ ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցություններից «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը հայտարարել է, որ սատարում է Հրանտ Բագրատյանին: Այս թեկնածուին սատարելու մասին է հայտարարել նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը:
Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններում իր մրցակից թեկնածուներից Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրին, ապա Բագրատյանն ասաց, որ դրանում «չկա որևէ կոնկրետ բան»: «Չկա այնպիսի բան, որն ինքը խոստանում է անել: Ժողովուրդը հնարավորություն չունի ասենք մի 3 տարի հետո հարցնելու՝ դուք էս բանն արե՞լ եք, թե՞ չեք արել», -նկատեց Բագրատյանը:
Նախագահի մյուս թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի մասին խոսելիս, Բագրատյանն ասաց, որ հարգում է այդ քայլը:
«Մարդը հացադուլի մեջ է, ես հարգում եմ: Ես էլ կարող եմ ժպտալ, օրը մի 3 անգամ այցելել իրեն: Ի դեպ, օգտվելով այս առիթից, ուզում եմ հորդորել, որ Անդրիասը թողնի այդ հացադուլը: Բայց ես հստակ ուզում եմ ասել՝ ես Անդրիասի կոչին չեմ միանալու: Ավելին՝ ես դեմ եմ, որ հկ-ները, քաղաքացիական նախաձեռնությունները նման քաղաքական քայլեր են անում: Քաղաքական քայլ եք անում՝ դարձեք քաղաքական գործիչ, քաղաքական կուսակցություն բացեք: Էդ դեպքում դուք հկ չեք և գրանտներ չեք ստանա: Ես հիանալի կարծիքի եմ Անդրիասի մասին, նրա մարդկային որակների մասին: Բայց վերջապես հասկացեք՝ քաղաքական բեռը թողեք քաղաքական գործիչներին կամ դարձեք քաղաքական գործիչ», -հավելեց նախագահի թեկնածուն: